Եվ այսպես, Սամվել Բաբայանը երեկ վերջապես ժամանեց Ստեփանակերտ։ ԼՂՀ ՊՆ նախկին նախարարին Ստեփանակերտում դիմավորեցին աղ ու հացով,որից հետո վերջինս ելույթ ունեցավ հավաքվածների առաջ,նախ շնորհակալություն հայտնելով,այնուհետև տալով որոշ պարզաբանումներ։
Բաբայանը,ըստ էության ինքն էլ նման ընդունելության չէր սպասում,թեպետ ոչ մեկ չի ուրանում նրա արածը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Նա ևս մեկ անգամ հայտարարեց,որ քաղաքական գործունեությամբ չի զբաղվելու,սակայն քաղաքական տեսակետ կարող է հայտնել որպես քաղաքացի ու կհայտնի մոտ ապագայում,քանի որ կան կուսակցություններ, որոնք իրեն գաղափարակից են։ Ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել։ Փորձը ցույց է տալիս,որ Հայաստանում միայն ռազմական ու միայն քաղաքական գործիչ լինել հնարավոր չէ։ Հատկապես, երբ պատերազմական գործողությունները նոր են ավարտվել ու հանրության մոտ բավականին հարցրեր կան, որոնք պատասխան չեն ստացել։ Երկիրը փոքր է,շուկան՝ նեղ։ Հետևաբար, որն է իմաստը նախօրոք ապահովագրվելու։ Սակայն կարծում ենք խնդիրը ուրիշ տեղ է։
Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում նորից,ինչպես « հին ու բարի ժամանակներում», կռվախնձոր է դառնում Ղարաբաղը։ Բայց եթե նախկինում իշխանության համար պայքարը ծավալվում էր Հայաստանում ու կար հստակ խնդիր Ղարաբաղը հեռու պահել քաղաքական ինտրիգներից,այժմ, ըստ էության, կան մարդիկ կամ քաղաքական ուժեր,որոնք հասկացել են,որ Հայաստանում հակաիշխանական քայլերը որևէ պտուղ չեն տալիս ու փորձում են գործողությունների թատերաբեմը տեղափոխել Ղարաբաղ։ Սամվել Բաբայանի come back-ը տեղի չի ունեցել քայլ առ քայլ։ Նա չի պատրաստել իր վերադարձը, չի եղել Ղարաբաղում ապրիլյան դեպքերի ժամանակ։ Բայց նրա տված գնահատականները ավելի շատ դժգոհության ու բացթողումների հանրագումար են։ Թերացումներ եղել,դա իհարկե ոչ ոք չի ժխտում։ Բայց միևնույն ժամանակ, եթե ցանկություն կա ինչ-որ բան փոխել, ով-ով նախկին գեներալը լավ գիտի,թե ում պետք է դիմել նման գործառույթ իրականացնելու համար։ Դա Հանրապետության նախագահն է։ Բաբայանը հայտարարում է,որ չի պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանին,նախընտրելով բաց դիսկուսիան ։ Առայժմ հանրության հետ՝ Ղարաբաղում։ Հայաստանում քաղաքական ասելիք քիչ կա,ասելիքի առանցնքն էլ վերջին հաշվով Ղարաբաղյան հիմանահարցն է։ Սակայն երբ սպառվում է այդ ասելիքը ու չի խոցում այն թիրախը,որի համար նախատեսված էր,վրա է հասնում անձնավորված վրաերթը։ Բաբայանը առայժմ անուն չի տալիս,թե ովքեր են մեղավոր ու ով է պատասխանատու Ապրիլյան դեպքերի ժամանակ Բանակի թերացումներիկ համար։ Սա ավելի շատ Ռոբեսպիերյան սինդրոմ է,երբ վերջինս Ֆրանսիայի պառլամենտում հայտարարում է,որ կան մարդիկ,ովքեր ուզում են ձախողել հեղափոխությունը,շահագրգռված են դրանում։ Պառլամենտականները նրանից անուներ պահանջեցին,սակայն Ռոբեսպիերը համառորեն անուն չտվեց,հայտարարելով, որ դրանք ակնհայտ են ու հնչեցնելու կարիք չկա։ Սակայն անհրաժեշտության դեպքում անշուշտ կհնչեցնի դրանք։ Արդյունքում ինչ ստացվեց։ Ռոբեսպիերի հանդեպ հաշվեհարդար տեսան նրանք,ովքեր հստակ գիտեին որ խոսքը իրենց մասին է։ Շատ ավելի շուտ,քան վերջինս կտար նրանց անունները։
Որևէ կերպ չփորձելով նսեմացնել Սամվել Բաբայանի վաստակը Արցախյան գոյամարտում,տպավորություն է,որ գեներալը ինքը դեռ չգիտի որտեղ ու ինչ ձևաչափով է մասնակցելու Բանակում տեղի ունեցող գործընթացներին։ Պատրիոտիզմի ու «ինձ ոչ մեկ չի կարա վախացնի» ոճի արտահայտությունները,եթե Բաբայանը հետևել է Հայաստանի ներքաղաքական անցուդարձին,մինչ այսօր որևէ բարի պտուղ չեն տվել,ոչ ասողին,ոչ էլ հանրությանը։ Կարծում ենք,ամեն դեպքում ԼՂՀ ՊՆ նախկին նախարարի կողմից ճիշտ կլիներ հարցի մեջ հստակություն մտցնելն ու ձևաչափի արձանագրումը։ Գոնե այդ ժամանակ կհստակոցվի,թե ինչու է ամեն դեպքում վերադարձել Սամվել Բաբայանը և ովքեր են սատարում նրան։