Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը կրճատումներով.
« Ի՞նչ արժե մեր երկրում մահանալը: Մենք սիրում ենք պարբերաբար կատակով կրկնել, թե Հայաստանում մահանալն ավելի թանկ է, քան ապրելը, և բոլոր հուսահատվածներին խորհուրդ տալիս ընտրել ապրելու տարբերակը: «Հայոց Աշխարհ»-ը որոշեց պարզել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում թևավոր խոսք դարձած այդ արտահայտությունը ,և ի՞նչ կարժենա մեկ հանգուցյալի համար քիչ թե շատ վայելուչ կազմակերպված թաղման ամբողջ արարողությունը:
Բնականաբար մահանալուց հետո հանգուցյալին առաջինը դիահերձարան են տանում, իսկ տարբեր դիահերձարաններում համապատասխան արարողակարգերի համար տարբեր գներ են սահմանված:
Ընդ որում՝ նշանակություն ունի նաև դիահերձարանի հեղինակավոր լինել-չլինելը: Եթե այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում, ապա գները համեմատաբար մատչելի են: «Մալաթիա» բժշկական կենտրոնի ընդունարանում փակցված գների համաձայն՝ դիահերձումն ու բալզամացիան այնտեղ արժե 30 հազար դրամ, դեմքի սափրումն ու հարդարումը` 15 հազար դրամ, սառնարանում դիակը պահելու յուրաքանչյուր օրվա դիմաց 5 հազար դրամ է սահմանված:
Իսկ, օրինակ, կենտրոնական դիահերձարանում` այսպես կոչված, «անատոմիկում» գները, համապատասխանում են դրա «վիպ» կարգավիճակին` գրեթե կրկնակի են:
Իհարկե, միշտ չէ, որ դիահերձման համար հանգուցյալների հարազատներից գումար են պահանջում: Երբեմն նրանց փոխարեն վճարում է պետությունը` պետպատվերի շրջանակներում:
Որպես քրիստոնյա ժողովուրդ՝ մեզանում ընդունված սովորություն է մահացածին դագաղով հողին հանձնելը` որքան էլ լինի դագաղի գինը: Կախված փայտի և կտորի որակից և դագաղի վրա արված փորագրությունների առկայությունից` դրա արժեքը կարող է հասնել մինչև 5 հազար դոլարի: Համենայն դեպս Նար-Դոս փողոցում գործող՝ թաղման պարագաների առքուվաճառքով զբաղվող խանութներում դրա գինը սկսվում է 30 հազար դրամից և հասնում մինչև 5 հազար դոլարի: Իհարկե, նման գնով դագաղ ձեռք բերելու շռայլություն կարող են թույլ տալ միայն մեծահարուստների հարազատները, ովքեր այդ հարցում նույնպես ձգտում են աչքի ընկնել իրենց ցուցամոլությամբ:
30 հազար դրամից է սկսվում նաև հանգուցյալի տեղափոխման համար նախատեսված, այսպես կոչված, «կատաֆալկա» մեքենաների ծառայությունը:
Ի՞նչ թաղում` առանց հոգեհանգստի արարողության: Վերջին տարիներին մեզանում սովորություն է դարձել մահացածների հոգու հանգստության արարողությունը կազմակերպել եկեղեցիներում:
Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ թաղման արարողության համար որևէ սակագին սահմանված չէ: Վճարումը կատարվում է կամավորության սկզբունքով: Հանգուցյալի հարազատների ցանկությամբ հոգեհանգստի արարողությանը հրավիրված երգչախմբի յուրաքանչյուր անդամի վճարվում է 2-3 հազար դրամ, որքան սահմանված է Սուրբ պատարագի երգեցողության համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, 10-20 հազար դրամ էլ ծախսվում է եկեղեցական արարողակարգի համար:
Առանձին ֆինանսական ներդրում է պահանջում գերեզմանատեղ ձեռք բերելը, եթե հանգուցյալը թաղվելու համար ընտանեկան գերեզմանոց չունի: Ընդ որում՝ ամենամեծ ծախսը մահացածի հարազատներն անում են հենց գերեզմանատնից հողատարածք գնելու համար, այն դեպքում, երբ պետականորեն այդ տարածքը անվճար պետք է տրամադրվի:
Գերեզմանատան վերջում, որտեղ գնալը դժվարամատչելի է և հեռու, մեկ գերեզմանոցի համար նախատեսված հողատարածքն արժե 700-800 հազ. դրամ, իսկ առաջին կամ կենտրոնական շարքերում գտնվող հողակտորների գները տատանվում են 3-8 հազար դոլարի սահմաններում:
Այս ամենին ավելացրեք կենդանի երաժշտության, հոգեհացի և թաղման այլ արարողությունների համար պահանջվող ֆինանսական միջոցները, գումարեք իրար և կհասկանաք, որ իսկապես Հայաստանում եթե չեք ցանկանում ձեր հարազատներին վատություն անել, ապա պայքարեք ապրելու համար: Մեր կոպիտ հաշվարկներով մեկ հոգուն թաղելու համար նվազագույնը 500 հազար դրամ է անհրաժեշտ: Վայ այդ մահացածի հարազատներին, եթե հանգուցյալը սև օրվա համար գումար հետ գցած չի լինում, կամ էլ պետությունը նրա համար որոշակի գումար չի փոխանցում` թաղման ծախսերը հոգալու նպատակով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։