Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակված, ԱԺ պատգամավոր (դեռևս չի ստացել հավատարմագիրը) Մանվել Բադեյանը ներկայացնում է, թե ինչու երկարատև օրենսդրական աշխատանքից հետո հանկարծ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի դիվանագիտական ոլորտ, ում կողմից էր առաջարկը, ինչ է պատրաստվում անել Էլ Քուվեյթում:
-Պարո՛ն Բադեյան, ինչպե՞ս ստացվեց, որ անցաք դիվանագիտական աշխատանքի` շուրջ 20 տարվա օրենսդիր աշխատանքից հետո:
-Ստացա առաջարկ, և, ըստ երևույթին, այդ առաջարկի մեջ կար գնահատականը իմ 20 չէ, 17 տարվա աշխատանքի: Եվ ես չհրաժարվեցի:
-Ումից ստացա՞ք՝ Նախագահի՞ց:
-Նախագահից:
- ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ շատ ուրախ է Ձեր նշանակման համար, բայց ափսոսում է ԱԺ-ի համար, որ մի որակ ևս պակասեց ԱԺ-ից:
-Շնորհակալություն այդ գնահատականի համար ևս: Իրոք իմ մոտ երկակի զգացումներ ունեմ. մի կողմից ուրախ եմ բարձր վստահության համար, աշխատանքի այդ առաջարկի համար, բայց մյուս կողմից էլ հոգեբանորեն որոշակի դժվարություններ է ներկայացնում իմ կոլեկտիվից կտրվելը, որովհետև 17 տարի այստեղ եմ եղել, ունեմ ընկերներ:
-Իսկ Քուվեյթում երբևէ եղե՞լ եք: Եթե այո, ի՞նչ երկիր է ներկայացել Ձեր աչքերում:
-Եղել եմ, այո: Քուվեյթը, իհարկե, արաբական երկիր է, մուսուլմանական, սակայն շատ բարձր՝ ցիվիլության մակարդակով, շատ բարեկիրթ ժողովրդով, Հայաստանի և հայերի հանդեպ հատուկ ընդգծված վերաբերմունքով: Այն շատ քիչ երկրներից մեկն է, որտեղ կա մեծ հայկական համայնք, որի անդամներն իրենց զգում են այդ երկրի արժանի քաղաքացի, որովհետև, համաձայնեք, որ կան երկրներ, որտեղ հայերն իրենց երբեմն զգում են երկրորդ սորտի քաղաքացի: Իսկ այստեղ՝ Քուվեյթում բնակվում են գնահատված ու բարի մթնոլորտում: Կա մոտ 6000 հայ, համայնքը շատ կուռ կառույց է` եկեղեցով, դպրոցով, շատ ակտիվ, ոմանց արդեն ճանաչում եմ արդեն, և համայնքը լինելու է իմ հենարաններից մեկը:
Կրկնում եմ՝ այստեղ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, ինչը, կարծում եմ, աշխատանքի արդյունքն է նախորդ դեսպանի: Եվ ոչ միայն դեսպանի, այլ ողջ հայ համայնքի, մեր պետության:
- Իսկ հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացման տեսլական ունե՞ք:
-Իհարկե ունեմ: Դրանք բոլոր ասպարեզներն են, որտեղ դիվանագիտությունը, դեսպանը անելիքներ ունեն. քաղաքական զարգացումներ, երկուստեք կապերի զարգացումներն են, նաև՝ տնտեսական, փոխադարձ ինվեստիցիաների համար պայմաններ ստեղծելն է, մշակութային և շատ ու շատ:
-Նախագահ Սարգսյանը դեսպանների առաջ խնդիր է դրել՝ Հայաստան բերել ներդրումներ ու կապիտալ։ Ուսումնասիրե՞լ եք Քուվեյթի դաշտը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ շատ հարուստ երկիր է:
-Մասնակիորեն, որովհետև այդ աշխատանքը անընդհատ է: Այնպես չէ, որ մի օր մեկը վեր կենա, ասի՝ ամբողջովին ուսումնասիրել եմ, այդպես երբեք չի լինում: Այո, բարենպաստ պայմաններ կան այդ կապերը բարելավելու, ամրապնդելու, խորացնելու: Եվ իհարկե, իմ անելիքներից մեկը, միգուցե՝ ամենակարևորը հենց դա եմ տեսնում:
-Հայաստանից արտահանման մասին մտածե՞լ եք՝ լինելով տնտեսությունից ու բիզնեսից չկտրված մարդ:
-Ընդամենը մեկ օր է անցել իմ նշանակումից, և ես տարբեր մաղթանքներ եմ ստացել մեր գործարարներից, տարբեր ցանկություններ ու մաղթանքներ մեր նախարարներից՝ տնտեսական ոլորտի: Մարդիկ պատրաստակամություն են հայտնում ընդլայնել իրենց շուկան, ընդունել, հանդիպել ինվեստորների հետ, և այլն: Մյուս կողմի մասին շատ բան չեմ կարող ասել, որովհետև դեռ այդքան կապեր չկան, բայց ուղղություններն արդեն պարզ են, թե ինչ ուղղություններով պետք է աշխատվի:
-Նաև՝ զբոսաշրջությո՞ւն:
-Անպայման:
-Որպես մահմեդական երկիր Քուվեյթը, վստահ եմ, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նման նշաձող Ձեր առաջ դրե՞լ եք, որ հասնեք…
-Ցավոք սրտի, ոչ մի մահմեդական երկիր Ցեղասպանությունը չի ընդունել, Քուվեյթն էլ է այդ շարքում: Եվ աշխարհում 210 երկրներից ընդամենը երևի թե 25-ն են ընդունել, բայց դա ևս պրոցես է, որ հարմար ժամանակ, պատեհ պահին անպայման, երբ կծագի, ես չգիտեմ` երբ, այդ հարցը պետք է բարձրացվի: Իսկ մինչ այդ անպայման աշխատանքներ պետք է տարվեն տարբեր մակարդակներով: Արդյունքն ակնկալել, որ կլինի մեկ ամսից, կամ վեց, կամ մեկ տարուց, դժվար է, բայց անպայման այդ ուղղությամբ պետք է աշխատենք:
-Ձեր նշանակումից հետո, որքանով ես եմ տեղյակ, պետք է ինչ-ինչ ընթացակարգեր անցնեք, ագրեման պետք է ստանաք, բայց ժամկետների մասին տեղյա՞կ եք, թե երբ կգնաք Էլ Քուվեյթ:
-Դա պայմանավորված չէ իմ նախատեսելով։ Ինքներդ նշեցիք, որ կան ընթացակարգեր:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/03/manvel-badeyan/2039519
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



