Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունները իջել են «պլինտուսի» մակարդակի. Tert.am-ի հետ բացառիկ զրույցում այս մասին ասաց ուկրաինացի քաղաքական մեկնաբան Սերգեյ Գերասիմչուկը՝ խոսելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ընդհանրապես ռուսական իշխանությունների հայտարարությունների մասին, թե Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրի ներքին քաղաքական խնդիրն է:
«Եթե խոսենք Մարիայի Զախարովայի և ընդհանրապես վերջին շրջանում ռուսական ԱԳՆ-ի հայտարարությունների մասին, ցավոք սրտի պետք է ասեմ, թե բարեբախտաբար, դրանք իջնում են «պլինտուսի» մակարդակի: Այդ հայտարարություններն առանձնանում են բացառապես իրենց շովինիզմով, իրենց նկատմամբ հիացմունքով՝ անկախ թեմայից»,- ասաց նա՝ նշելով, որ Զախարովան լուրջ ներկայացուցիչ չէ, կառույցն էլ՝ ոչ ադեկվատ նախարարություն:
Սերգեյ Գերասիմչուկը նշեց, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունեց, որովհետև հայկական պետությունը բավական երկար ժամանակ և շարունակաբար այդ հարցը բարձրաձայնել է:
«Բացի այդ, Գերմանիան ինքն ունի տխուր փորձ, երբ իր քաղաքական գործիչներն իրականացրել էին ցեղասպանություն, և տարօրինակ չէր, որ Գերմանիան պետք է ընդուներ մեկ այլ պետության կողմից իրականացրած ցեղասպանությունը»,- ասաց նա:
Ուկրաինացի քաղաքական մեկնաբանը, վերադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, նշեց. «Ռուսաստանի նման հայտարարության համար հիմք է եղել նաև այն, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և Ադրբեջանի հետ, այդ պատճառով Ռուսաստանի ղեկավարությունը չէր ցանկանում ճանաչումը մեկնաբանել միանշանակ, որպեսզի չփչացնի հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ: Բացի այդ, մենք գիտենք Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների մասին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չէր ցանկանում իր հարաբերությունները լարել Անկարայի հետ՝ մեկնաբանելով՝ ճանաչումը դրակա՞ն էր, թե՝ բացասական»:
Սերգեյ Գերասիմչուկը նկատում է, որ սա ՌԴ ԱԳՆ-ի այս ոճով արած միակ հայտարարությունը չէ. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաճախ է ոչ ադեկվատ հայտարարություններ անում, և այս վերջին արած հայտարարությունը ամենավատը չէ: Երբ ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը մեկնաբանում է «Կարինկան-Մարինկան, արդեն» զավեշտ է»,- ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/03/russia/2039901
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



