Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես սպառնալիք:

Իվանիշվիլին դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ վրացական կողմին անհրաժեշտ է համբերություն ու ժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար:

«Դա (Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը) բարդ գործընթաց է, ես զուր չեմ այդ հարցն ընդգծել նամակում: Մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը չի հակասում ռուսական ազգային շահերին, սակայն ռուսական ղեկավարությունը կարծում է, որ դա վտանգավոր է նրանց համար:

Մենք տեղյակ ենք այդ մասին, սակայն շարունակում ենք մեր ուղին՝ հասնելու համար նպատակներին: Մենք անպայմանորեն կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, մենք պետք է ձգտենք դառնալ ԵՄ-ի անդամ, դրա համար կա անհրաժեշտ ժամանակ: Մենք պետք է համբերությամբ սպասենք, թե երբ Ռուսաստանն ու գործընկեր երկրները կգիտակցեն ու կտեսնեն, որ արդեն ժամանակն է, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ: Մենք պետք է համբերատարությամբ սպասենք դրան»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել