Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ցեղասպանության գործընթացը բեկումնային կդարձնի, թե՝ ոչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դեռևս չի կարող ասել, բայց որ դրական նշանակություն կունենա՝ վստահ է: «Չկասկածեք դրանում, որովհետև Գերմանիան երրորդ կարգի աֆրիկյան պետություն չէ, լուրջ քաղաքական միավոր է, մանավանդ նման թուրքական խոշոր սփյուռքի առկայության պարագայում՝ զարգացումները շատ հետաքրքիր են դառնալու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ՀՀ-ի արտաքին քաղաքականության հիմնական գործոններից մեկն է, և Գերմանիայի կողմից ճանաչումն արդեն մեծ հաջողություն է:
«Ըստ էության, սա կրկնակի մեծ քայլ էր, քանի որ ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Գերմանիան, փաստորեն, դրանով ընդունում է իր գործած մեղքը, և չնայած Թուրքիայի ուժեղ ճնշումներին՝ Գերմանիան գնաց այդ քայլին, որին միայն ծափահարել է կարելի»,- ասաց նա և հավելեց, թե պետք է շարունակել ավելի ակտիվ աշխատել:
Թե ինչ հաշիվներ ունեն Թուրքիան ու Գերմանիան միմյանց հետ, ըստ դեսպանի, դա որևէ նշանակություն չպետք է ունենա հայերի համար: «Թե որ երկիրն ում հետ ինչ հաշիվներ կարող է մաքրել՝ մեզ համար կարևոր չէ, կարևորը ճանաչել է, և մեզ համար խիստ դրական նշանակություն ունի»,- ասաց նա:
Իսկ Թուրքիայի կողմից արձագանքները ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի համար կանխատեսելի էին: «Այն, որ Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում գոնե որոշակի շրջան կարող է վատ հետևանքներ ունենալ, դրանում ոչ ոք չի էլ կասկածում, ինչպես ՌԴ-ի դեպքում էր, բայց դա չի նշանակում, որ դիվանագիտական հարաբերությունները կխզեն, դրանք դիվանագիտական մենամարտեր են, որոնք մեզ ոչնչով չեն խանգարում»,- ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/02/arman-navasardyan/2038802
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



