Panorama.am-ը գրում է.

Ներկայացնում ենք Բունդեսթագի կողմից հինգշաբթի` հունիսի 2-ին գրեթե միաձայն ընդունված «1915-1916թթ-ին  հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ  իրագործված  ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերնագրով բանաձևի տեքստը:


«Գերմանիայի Բունդեսթագը սահմանում է.

I. Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան հարյուր տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված  տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական  կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում:  Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդներ` հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:

Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: «Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը երբևէ նման սարսափելի կերպով նկարագրվել է:

Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում:

Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը  որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից,  չնայած  հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը:  Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:

Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թվականին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտությանը:

100-ամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի  Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ Նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված  ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին:  Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել  այդ իրադարձություններին:

Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը`անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:

Գերմանիայի Բունդեսթագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար:

Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը  որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:

Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի  ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը: 

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը:

Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:

Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս,  թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ  մարդկանց ու ժողովուրդներին:

Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է  հանդիսանալ թե´ ներկայի և  թե´ ապագայի համար:

Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել