Մայիսի 5-ին ԼՂՀ ՄԻՊ նշանակվեց Ռուբեն Մելիքյանը։ BlogNrews-ը նրա հետ զրուցել է քառօրյա պատերազմում Ադրբեջանի ցուցաբերած առանձնակի դաժանության դեպքերը՝ միջազգային դաշտում ներկայացնելու և այլ հարցերի մասին։

-Պարոն Մելիքյան, Ձեր նշանակման առաջին իսկ օրերին հայտնվեցիք քննարկումների կիզակետում, քանի որ բաց նամակ հղեցիք «Եվրատեսիլ 2016»-ի կազմակերպիչներին՝ կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր լուծվեց այս նամակով։

-Ծանր աշխատանքային օրվանից հետո լրահոսում տեսա, թե ինչ է կատարվել, ինչ ձևակերպումներ են տրված և խիստ վիրավորվեցի օգտագործված արտահայտություններից։ Ես փորձեցի խնդիրը ներկայացնել խոսքի ազատության տեսանկյունից։ Այս դեպքում ավելի լայն տերմին օգտագործեմ՝ արտահայտման ազատություն։ Որպես իրավաբան՝ գիտեմ, որ շատ երկրներում եղել են դատական այդպիսի գործեր։ Այդ գործերը վերաբերում են վիրավորական, զրպարտություն պարունակող նյութերին։ Ինչպես կարող է մեր պետության դրոշը հավասարեցվել վիրավորանքի։

Բացի այդ, ինչ-որ երգի մրցույթի կազմակերպիչներ իրենց թույլ էին տալիս գնահատականներ տալ Արցախյան կոնֆլիկտին, ասում էին՝ գիտենք, որ այդտեղ տարածքային վեճ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա կոնֆլիկտի սխալ ներկայացում է, քամահրական վերաբերմունք կոնֆլիկտի ու էստեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Սա տարածքային վեճ չէ, այլ ինքնորոշման խնդիր։

Ես չգիտեի, թե արդյունքում ինչ խնդիր կլուծվի, սակայն գիտեմ, որ եվրոպական և ամերիկյան որոշակի շրջանակներում նամակն էական ազդեցություն է ունեցել։ Կարծում եմ՝ սխալ է միանգամից ցանկանալ լուծումներ տեսնել. սա մի կաթիլ է պրոցեսում։ Արդյունքերը գուցե այսօր տեսանելի չեն, սակայն քանակական փոփոխությունները որակական փոփոխությունների կհանգեցնեն։

-Միջազգային դաշտում ի՞նչ անելիքներ ունեք։

-Ես երբեք չեմ սիրել բարձրաձայնել ծրագրերի մասին, նախընտրում եմ խոսել արդյունքների մասին։

Այս պահին անելինքերի հիմնական մասը վերաբերում է հենց միջազգային դաշտին։ Ապրիլյան պատերազմի հետևանքները խնդիրներ են, որոնք առաջացել են ադրբեջանական լկտի ագրեսիայի, դաժանությունների հետևանքներով։

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը դեռևս ապրիլի 21-ին հրապարակեց առաջին միջանկյալ զեկույցը, որը հասանելի է համացանցում։ Այն հրապարակվել է նաև անգլերենով, որպեսզի հասանելի լինի մեր միջազգային գործընկերներին։ Այս առումով ես շարունակում եմ առաջին պաշտպանի գործը։ Կլինի նաև վերջնական զեկույց, չեմ բացառում, որ կլինեն այլ միջանկյալ զեկույցներ։

Առաջին պաշտպանի օրոք հրապարակվեց ևս մի փաստաթուղթ, որը համարվեց իրավական վերլուծություն։ Այն վերաբերում էր խաղաղ բնակչության պաշտպանությանը։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի։ Հրապարակված փաստերի հիման վրա ցույց է տրվում, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաղաղ բնակչությանն անթույլատրելի մոտիկությամբ տեղադրում է ռազմական օբյեկտներ։

-Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը դրսևորեց առանձնակի դաժանություն։ Նացիզմն ամբողջ աշխարհում քննադատվում է, սակայն մեր հարևանները շարունակում են իրենց հայատյաց քաղաքակնությունը։ Այս առումով ի՞նչ անելիքներ ունեք։

-Մենք ունենք «արմենոֆոբիա» տերմինը, որի մասին պետք է խոսենք։ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ, 21-րդ դարում ևս իրականացնում է մի քաղաքականություն, որը տալիս է իր դառը պտուղները։ Արմենոֆոբիայի քաղաքականությունը բազմաթիվ դրսևումներ ունի, որոնց մասին զեկույցում խոսվում է։ Դրա մոնումենտալ դրսևորումն ադրբեջանական բանակի սպայի հերոսացումն է, որ կացնահարել էր հայ սպային։ Նա կատարել էր մի հանցագործություն, որը իրեն հարգող քաղաքակիրթ ցանկացած մարդու մոտ չէր կարող առնվազն արհամարհանք չառաջացնել։ Այդ մարդու հերոսացվեց, Ադրբեջանի ՄԻՊ-ն էլ նրա՝ օրինակելի լինելու մասին հայտարարություն արեց, այսինքն՝ մարդասպանն օրինակ է երիտասարդների համար։

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը քառօրյա պատերազմից ընդամենը 2 շաբաթ անց իր պաշտոնավարման վերջին օրերին 2 շատ կարևոր փաստաթուղթ հրապարակեց, որոնք վերաբերում են ապրիլյան պատերազմին։

-Այս օրերին էլ ՊԲ զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած մարդն արժանացավ պարգևատրման։ Այս փաստը և՞ս ներկայացված է Ձեր զեկույցներում։

- Քյարամի գլխատման դեպքը, իհարկե, նշված է, սակայն հերոսացման փաստը չկա մեր զեկույցում։ Մենք սիրում ենք խոսել ճշտված փաստերով։

Երբ զեկույցը պատրաստվում էր, դեռ չէր արձանագրվել այդ փաստը, բայց մենք շատ ուշադիր ենք փաստերին։ Դրանք  պետք է ստուգվեն։ Մենք իրականացնում ենք ինքնուրույն փաստահավաք գործունեություն Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենսդրության շրջանակներում և վերջնական նյութերում չենք հիմնվելու բացառապես բաց աղբյուրներում հրապարակված նյութերի վրա։

Ես այդ մասին իմացել եմ լրահոսից, չեմ զարմանում, որ նման բան է եղել, որովհետև իրենց մոտ դա ծրագրված քաղաքականություն է, որն ամեն տեղ է դրսևորվում։ Օրինակ՝ մարզական մրցման ժամանակ ադրբեջանցին ու հայը մրցում են, ադրբեջանցին պարտվում է, երկաթները վերցնում, հարձակվում է հայի վրա։ Սա անկառավարելի  պրոցես է․ քաղաքակիրթ հասարակությունը պետք է հասկանա, որ արմենաֆոբիայի այս քաղաքականությունը չարիք է, որի վերջը դեռ կարելի է տալ։

Կարծում եմ՝ հենց այս ակնհայտ, հստակ քաղաքականությունն է, որն էապես տարբերում է արցախյան կոնֆլիկն այլ կոնֆլիկտներից։ Նման բան չկա վրացական, ռուս-ուկրաինական, մոլդովական կոնֆլիկտներում։ Մարդիկ նորմալ շփվում են ու իրար չեն համարում թշնամի։ Ադրբեջանական քաղաքականությունը  սահմանափակում, նույնիսկ, արգելում է ադրբեջանցիների շփումը հայերի հետ։ Մենք բոլորս դա գիտենք։ Ինքս դա տեսել եմ, երբ միջազգային ֆորումների ժամանակ մարդիկ ուղղակի վախենում են շփվել քեզ հետ, որովհետև իրենց համար դա կարող է հետևանքներ ունենալ։

Հենց այս քաղաքականությունն է պատճառը շատ վայրագությունների, որոնք թույլ տվեցին Ադրբեջանի զինվորականները։

-Արցախյան պատերազմի ժամանակ ևս միջազգային հանրությունը հանդես եկավ իրեն հատուկ լղոզված հայտարարություններով, սակայն եթե գնահատականները հստակ լինեին, նախադեպերը գուցե չկրկնվեին։ Դուք ի՞նչ անելիքներ ու հեռանկարներ ունեք այս առումով։

-Սա մեզ մոտ տարածված մոտեցում է, որի հետ համաձայն չեմ։ Մենք պետք փոխենք  հարցի դիտանկյունը. իսկ ի՞նչ ենք մենք անում, որպեսզի չլինեն նման լղոզված հայտարարություններ, արդյոք մենք անում ենք  հնարավորը և ամեն ինչ, որպեսզի կարողանանք ճիշտ գործիքակազմով խնդիրները հասանելի դարձնել մեր գործընկերներին։ Չպետք է ասել՝ իրենք վատն են, լղոզված հայտարարություններ են անում, մենք պետք է ավելի լավ ու ճիշտ ներկայացնենք մեր դիրքորոշումը և սխալները որ ունենք մեզանում։ Ես սա եմ համարել հաջողության գրավականը։

Եթե մենք այդպես վարվենք, իսկ ինձ թվում է՝ արդեն մեծապես վարվում ենք հենց այդ սկզբունքով, հաջողությունը, կարծում եմ, շատ մոտ կինի։

-Որո՞նք են մեր հիմնական սխալները, որը Դուք կցանկանաք շտկել՝ որպես Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան։

-Ես չեմ ուզում խոսել սխալների մասին։ Սակայն, երբ ադրբեջանցիները խոսում են միջազգային ֆորումներում  20%-ի և այլնի մասին, մենք չպետք է մտածենք՝ դե լավ։ Մենք պետք է ակտիվին պրոակտիվ լինենք և չզլանանք մի բան անել, չմտածենք հայտարարությունը արդյունք տվե՞ց, թե՞ ոչ, այլ իմանանք որ դա մի կաթիլ էր, որը պետք է անպայման արվեր։ Մի օրվա մեջ չես կարող  մեծ արդյունքների հասնել։ Մարդը միշտ պետք է տեսնի իր նպատակակետը և հասկանա, որ ճիշտ ուղղությամբ է գնում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել