Tert.am-ը գրում է.
Այսօր «Առողջ սնունդ»-ի օրը լրագրողների հետ հանդիպած սննդաբան-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ահազանգ հնչեցրեց, որ Հայաստանի դպրոցներում այսօր վաճառվում է ոչ առողջ սնունդ, ու այդ հարցը կարգավորում չի ստանում:
«Ու սա անտեսելով այն հանգամանքը, որ օրենքով ամրագրվեցին այն ուտելիքները, որոնք արգելված են դպրոցում: Դպրոցում սուրճ, չիպս, գազով գունավոր ըմպելիքներ են վաճառում: Դպրոցներում վարձակալությամբ տրվում են բուֆետները և ինչ ուզում վաճառում են, այն դեպքում, երբ ունենք հստակ օրենք, թե ինչ չի կարելի վաճառել դպրոցներում: Չկա ծնող, որ բողոքի դրա դեմ»,- ասաց դիետոլոգը:
Սննդաբան- դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս առողջ սնվել, քանի որ հիվանդությունները կարելի է կանխարգելել սննդի միջոցով: «Կյանքի որակն ու տևողությունը կախված է սննդից: Սնունդը կարող է լինել նաև դեղ: Թե երիտասարդության, թե գեղեցկության վրա է ազդում սնունդը»,- ասաց սննդաբանը:
Պետրոսյանի խոսքերով, առողջ սննդի խնդիրը պետք է լուծվի կառավարության մակարդակով, քանի որ անառողջ սնվելը լուրջ ազդեցություն է ունենում քաղաքացիների կյանքի տևողության վրա: «Հայերը իրենց էներգիան հիմնականում ստանում են հացից, մակարոնեղենից ու կարտոֆիլից: Եթե մակարոնեղենը լինի 2-րդ, 3-րդ սորտի թեփով ալյուրով, դա վնասակար չի լինի, իսկ սպիտակ այլուրով մակարոնեղենը վտանգավոր է»:
Ամենավտանգավոր սնունդը դիետոլոգը համարում է շաքարը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարավազի օգտագործումը մի քանի անգամ ավելացել է: 2004-2009 թթ. 4 անգամ ավելացել է օգտագործումը: Շաքարավազի պահանջարկը մեծանալու հակում ունի, այն 4 անգամ ավելի ուժեղ թմրադեղ է, քան կոկայինը: Կարող է դրա բացակայությունն առաջացնել գլխացավ, տրամադրության անկում: Շաքարավազը համարվում է այս դարի ամենաէժան, օրենքով չարգելված թմրանյութը, որը կախվածության մեջ գցում մարդուն: Արտադրողները դա հասկանալով ամեն տեսակ ուտելիքի մեջ շաքար են ավելացնում՝ նաև մանկական սննդի մեջ»:



