14։33 Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 


14:24 Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է հայերի նկատմամբ տեղի ունեցածի համար։


«Մենք պետք է ընդունենք, որ երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է։ Այդ իրավիճակի պատասխանատվությունը նաև այն ժամանակվա գերմանական կառավարությունն է կրում, քանի որ գերմանացի զինվորականները մասնակցություն են ունեցել դրան։ Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի երիտթուրքերի կատարածը, պատասխանատվություն կրի ներկայի ու ապագայի համար»,-ասել է նա։


14:05 Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը ներկա են Գերմանիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ։

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քննարկման սկզբում ողջունել է նրանց։

«Խորհրդարանը պատմական հանձնաժողով չէ և ոչ էլ դատարան։ 101 տարի առաջ հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ կատարվածում մեղավոր է նաև Գերմանիան»,- ասել է նա։

Գերմանիայի ընդդիմադիր «Ձախերի» կուսակցության առաջնորդ Գրեգոր Գիզին նշել է, որ 100 տարի առաջ Թուրքիայի կատարածը պետք է իր ճիշտ անունով կոչել։

«Այն, ինչ նրանք արել են հայերի, ասորիների, Պոնտոսի հույների հետ, երբ 1.5 մլն մարդ է զոհվել,այլ կերպ կոչել չենք կարող, քան ցեղասպանություն»,-ասել է նա։


Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը, որին հաջորդելու է քվեարկությունը։

Թուրքիան բազմիցս սպառնացել էր Բեռլինին՝  այդ բանաձևի ընդունումը կանխելու համար։ Գերմանիայում բնակվող թուրքերն արշավ էին սկսել՝ դրա ընդունումը թույլ չտալու համար։ Բեռլինում դրան նվիրված բողոքի ակցիաներ էին անցկացվել։

Թուրքիան բազմիցս սպառնացել էր Բեռլինին՝  այդ բանաձևի ընդունումը կանխելու համար։ Գերմանիայում բնակվող թուրքերն արշավ էին սկսել՝ դրա ընդունումը թույլ չտալու համար։ Բեռլինում դրան նվիրված բողոքի ակցիաներ էին անցկացվել։


Տարբեր պաշտոնյաներ «մեսիջներ» էին հղել Գերմանիային՝ ուղղակիորեն և անուղղակիորեն սպառնալով երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ։

 

Կառավարության խոսնակ Իբրահիմ Քալընն անցյալ շաբաթ հայտարարել էր. «Մենք այդ տեքստը չենք տեսել։ Ի՞նչ արտահայտություններ են տեղ գտնելու։ Ցեղասպանության պնդումը լուրջ պնդում է։ Դրա մասին առանց պատմական և իրավական փաստերի խոսելը միայն քաղաքականության շահարկում է»։

 

Բանաձևի հնարավոր ընդունմանն անդրադարձել էր նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն։ Նա հայտարարել էր, որ պատմական դեպքերի վերաբերյալ խորհրդարանները լիազորված չեն վճիռներ կայացնելու։

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քվեարկությունն «անհեթեթ» էր համարել։ Նա դարձյալ առաջ էր քաշել թուրքական պաշտոնական թեզը՝ հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ։ «Դա պատմաբանները պիտի անեն, դա քաղաքական գործիք դարձնելը, ներքաղաքական հաշիվների համար օգտագործելը սխալ կլինի։ Այդ պատճառով էլ Գերմանիայի հետ մեր հարաբերություններն, անկասկած, կվնասվեն։ Մենք դա չենք ցանկանում»,-ասել էր Յըլդըրըմը։

 

Յըլդըրըմը Թուրքիային սպառնացել է նաև այսօր՝  հիշեցնելով Գերմանիայում ապրող 3.5 մլն թուրք ընտրողների մասին ու հայտարարելով, որ այսօրվա քվեարկությունը Գերմանիայի բարեկամության քննությունն է։

 

Իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչից հետո հայտարարությամբ էր հանդես եկել ու սպառնացել. «Մենք հավատում ենք, որ ցեղասպանության նման խնդիր չունենք։ Մենք հանգիստ ենք։  Գերմանիայում 3 մլն թուրք է բնակվում, հարաբերությունները շատ բարձր մակարդակի են։ Եթե Գերմանիան նման խաղի մեջ մտնի, երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական, ռազմավարական հարաբերությունները, բոլորը կվնասվեն։ Մենք երկուսս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ենք։ Կարծում եմ, որ դրանք բոլորը կմտածեն ու հաշվի կառնեն»։

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես Bild-ին տված հարցազրույցում անդրադարձել էր  Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությանը Բունդեսթագում։


Նա հայտարարել էր, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները։


«Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր և գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունն Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչինչ չարվեց»,-ասել էր նա:


Անդրադառնալով դիտարկմանը, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են Էրդողանի սուր արձագանքից, Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես դա չեմ կարող հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնն աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:

Բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին խոսել էին նաև հեղինակավոր բազմաթիվ լրատվամիջոցներ։


France-presse-ը, օրինակ, գրել էր. «Քվեարկությունը նաև շատ անհարմար ժամանակ է տեղի ունենում, երբ Գերմանիան և, ընդհանուր առմամբ, Եվրամիությունն ունեն Անկարայի կարիքը՝ ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու հարցում՝ չնայած մի շարք հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների հետ կապված հարցի պատճառով երկու կողմերից աճող լարվածություններին»:

Իսկ Reuters-ն իր հերթին նշել էր, որ գերմանացի օրենսդիրները կարող են առաջացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթը և վտանգել փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա գործարքը՝ պաշտպանելով բանաձևը, որը «ցեղասպանություն» է բնութագրում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել