Tert.am-ը գրում է.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման համակարգում փոփոխություններ սկսելու գործընթացին՝ նշեց, թե ցանկացած դեպքում նորմալ է, երբ փորձում են ավելի քիչ միջոցներով ավելի շատ արդյունքի հասնել: Կոռուպցիան որակելով որպես ծանր հանցագործություն Արսենյանը նշեց, թե պետք է կարողանալ գիտակցել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունք կունենա միայն ցավալի ու կտրուկ միջոցառումներով: Նա բերեց հարևան Վրաստանի օրինակը, երբ 20.000-ից ավելի անձինք դատապարտվեցին ազատազրկման, որպեսզի որևէ կերպ չխանգարեն երկրում իրականացվող փոփոխություններին:

-Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հայտարարությունը  կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Խոսվում է  նաև կառավարման արդյունավետ համակարգի և խնայողությունների անցնելու անհրաժեշտության մասին:

-Պետք է փաստենք, որ ցանկացած դեպքում, պետական ապարատի կողմից արվող գործողությունները՝ ավելի քիչ միջոցներով ավելի շատ արդյունքի հասնելը, և դրա էֆեկտիվության բարձրացումը, ես համարում եմ նորմալ: Եվ կարծում եմ, որ այդ նպատակին հասնելու համար, պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները: Տեղյակ եմ, որ Կառավարության կողմից արդեն որոշակի հանձնարարականներ են տրված, մասնավորապես՝ ծառայողական մեքենաներ են կրճատվել, որոշակի ծրագրեր են պլանավորվում, ապագայում փոփոխություններ են  կատարվելու, ինչպես նաև խոսվում է խնայողությունների ռեժիմին անցնելու մասին, սակայն այստեղ ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այդ գործընթացում պետք է բացառել սխալ հաշվարկները, որպեսզի հանկարծ, որևէ կերպ չխոչընդոտվի որևէ պետական կառույցի բնականոն գործունեությունը:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա ուզում եմ հասկանանք և գիտակցենք, որ կոռուպցիան շատ ավելի լուրջ և լայնածավալ գործողությունների շրջանակ է: Առաջին հերթին կոռուպցիան ես դիտարկում եմ որպես պետության և հասարակության հիվանդություն՝ ժանտախտի նման մի սարսափելի հիվանդություն, որը եթե մտավ հասարակության և պետական կյանքի մեջ, ապա դրա դեմ պայքարը և կանխարգելումը շատ բարդ է լինելու և հասնել նրան, որ դրա հետևանքները չլինեն բացասական՝ գրեթե անխուսափելի է, ասենք, օրինակ, քաղցկեղի ժամանակ մետաստազները դառնում են անխուսափելի և երբեմն կյանքի համար որոշիչ դեր են ունենում:

-Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ պետությունը կոռումպացված լինի, իսկ  իշխանության ամենաբարձր օղակները դրանից անմասն մնան: 

-Խնդիրը  նաև այն է, որ  ցանկացած երկրում եթե կա կոռուպցիա,ապա դա իշխանությունների մենաշնորհն է: Իշխանության ներկայացուցիչներն ունեն իրավասություններ, որը հանում են վաճառքի: Պետական պաշտոնյաների, կառավարիչների առաջնահերթ խնդիրը պետք է լինի այն, որ իշխանության ներկայացուցիչները չսկսեն զբաղվել իրենց իրավասությունները վաճառքի հանելով: Դա մեր ժամանակակից պետականության կառուցման գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է: Ցավոք սրտի, փաստ է, որ մենք մեր նորագույն պատմության ընթացքում ունեցել ենք պետական գործիչներ, որոնք հանրային վաճառքի են հանել իրենց իրավասությունները և փաստ է նաև, որ եղել են դեպքեր, որ դրա համար առանձնապես պատասխանատվություն չեն  կրել, և մեր գիտակցության մեջ նրանք մնացել են որպես կոռուպցիոներներ, և այդ մարդիկ անպատիժ են մնացել, անգամ եղել են դեպքեր, երբ հեռացել են Հայաստանից և այլ երկրներում մինչ օրս շարունակում են իրենց կենսագործունեությունը, և հասարակության մեջ մնացել է, արմատացել է  իրենց գործողության հետևանքները, սպիերը, հիշողությունները: Գլխավոր խնդիրը, կրկնում եմ, դա այն է, որ պետական կառավարիչները ուղղակիորեն հետևեն, միջոցներ կիրառեն, որ այդ իրավասությունների վաճառքը տեղի չունենա:

Հասկանալի է, որ երբ իրավասությունների վաճառք է լինում, ապա միշտ գնորդ կգտնվի: Ու այդ գնորդի առկայության պարագայում հասարակությունը, երկիրը, հայրենիքը, պետությունը միշտ լրջագույն տուժողի կարգավիճակում է, ու ի դեպ, առանց պաշտպանի իրավունքի: Կոռուպցիայի հետևանքը սա է, ու սրա դեմ լրջագույն պայքար է պետք: Այսինքն, պետք է հասնենք նրան, որ իրավասությունն իշխանությունները երբեք վաճառքի չհանեն, իսկ խախտողները, այսինքն՝ վաճառողները, ըստ օրենքի պատասխանատվություն կրեն:

-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ բավականին կտրուկ և ցավոտ քայլեր են պետք կոռուպցիան արմատախիլ անելու համար, և նաև որոշակի լուրջ քայլեր պետք է արվեն հասարակության գիտակցությունը փոխելու համար:  

-Կոռուպցիան, ըստ էության, ծանր հանցագործության տեսակ է, և պետք է կարողանանք գիտակցել և նաև հասկանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունք կունենա միայն  ցավալի ու կտրուկ միջոցառումներով: Շատ հեռու չգնանք, բերենք Վրաստանի օրինակը, որտեղ իսկապես իրականացվեց կոռուպցիայի դեմ շատ լուրջ պայքար և այդ պայքարի, գործընթացների արդյունքում, մոտավորապես 20.000-ից ավել մարդ դատապարտվեց քրեական հանցագործության տաբեր հոդվածներով և տվյալ անձինք դատապարտվեցին ազատազրկման, որպեսզի որևէ կերպ չխանգարեն երկրում իրականացվող փոփոխություններին: Պետք է, փաստենք, որ այդ գործողությունների արդյունքում է, որ մեր հարևան պետությունը՝ Վրաստանը, կոռուպցիայի դեմ պայքարում հասավ բավականին շոշափելի արդյունքների և հաջողությունների՝ թե՛ պետական համակարգում և թե՛ հասարակության ընկալման մեջ: Իհարկե, ցանկացած երկրում, ցանկացած պետության, ցանկացած հասարակության մեջ այդ արատավոր դրսևորումները կան, բայց պետք է ամեն ինչ անել, որ դրանք չդառնան համակարգային բնույթի: Իսկ պետք է այնպես անել, որ հասարակական ընկալման մեջ դա դիտարկվի որպես վատթարագույն արարք՝ կոռուպցիայի դեմ պայքարը հենց սկսվում է այսկերպ, այսինքն՝ հասարակական գիտակցությունը փոխելով: Եթե հասարակական գիտակցությունը չես փոխում, ապա կոռուպցիան կարող է դառնալ պետության և հասարակության համար լրջագույն  վտանգ, ի դեպ, շատ դեպքերում կարող է լինել ավելի վտանգավոր, քան թշնամական և  ռազմական խնդիրներ ունեցող պետությունների հետ հարաբերությունները:

-Իսկ ներկա պահին իշխանություններն այդ կամքը ունե՞ն, հավատո՞ւմ եք սկսված գործընթացների դրական զարգացումներին:

-Վստահ եմ, որ նույնը գործընթացները, ինչը, որ արվեց Վրաստանում և արդյունավետ եղավ, շատ արագ կարելի է անել նաև Հայաստանում, դրա համար պարզապես պետք է քաղաքական կամք, վճռականություն և գիտակցել ու հասկանալ է պետք, որ պետությունը իսկապես կարիք  ունի որոշակի լուրջ առողջացման ծրագրերի, թե ինչ չափով, թերևս դա իմ որոշելիք հարցը չէ, քանի որ ցանկացած մարդ ինքն է գիտակցում, պատկերացնում այն չափը, որով ինքը կուզենար իր ներդրումն ունենար այս գործընթացում: Այս պահին կա Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված թեզ, որ պատրաստ են, վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում և կարծում եմ, որ  կոնկրետ, առարկայական քայլեր պետք է ցուցաբերվեն,  որպեսզի մեր հասարակությունն էլ, ի վերջո, համոզվի, որ Հայաստանում նոր փուլ է սկսվել պետական-հասարակական կյանքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել