Araratnews.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովը մայիսի 30-ին առաջատար ՏՏ ընկերությունների հետ միասին, որոնց թվում՝ Facebook, Twitter, YouTube եւ Microsoft ընկերությունները, ընդունել է համացանցում վարքի մասին օրենսգիրք, որը ներառում է նաեւ «թշնամանքի լեզուն» համացանցում տարածելու դեմ պայքարի մասին մի շարք պարտավորություններ, ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:
Համացանցում մարդատյաց արտահայտությունների տարածումը կանխելու համար կընդունվեն համապատասխան ազգային օրենքներ, որոնք պետք է ամբողջովին պահպանվեն ԵՄ անդամ երկրների կողմից: Դրանից բացի, օնլայն միջնորդները՝ ի դեմս ՏՏ ընկերությունների, պետք է օպերատիվ քննեն այդ կանոնների խախտման մասին հաղորդագրությունները:
«Վերջին ահաբեկչությունները մեզ հիշեցրին համացանցում ատելությունն անօրինական բորբոքելու դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Սոցիալական մեդիան, ցավոք, գործիք է, որը ահաբեկչական խմբերն օգտագործում են երիտասարդությանը արմատականացնելու, իսկ ռասիստները՝ բռնություն եւ ատելություն տարածելու համար»,- մեջբերում է հաղորդագրությունը արդարադատության եւ գենդերային հավասարության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովի խոսքը:



