Հինգ տարի առաջ ՀՀ կառավարությունն հավանություն տվեց երկրի համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին: Դրանով իսկ գործադիրն հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումն անհրաժեշտ է համայնքների անշեղ զարգացման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ներուժի առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Ս.թ. փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն: Դրանով տրվեց համայնքների խոշորացման գործնական փուլի մեկնարկը:
Վարչատարածքային բարեփոխման ընթացքն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ևս 13 փորձնական ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի համաձայն Արագածոտնի մարզի Ալագյազ և Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ և Բերդաշեն, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ և Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Զառիթափ համայնքներում բնակավայրերի միավորման միջոցով ձևավորվելու են համայնքային փնջեր:
Այս հարցը ներառվել է կառավարության հերթական նիստի օրակարգ: Առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նույնպես կատարել փոփոխություն, որի նպատակն է սահմանել վերոնշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետը, ինչպես նաև դրա կազմակերպման և անցկացման կարգը: Կառավարության հավանությունն ստանալու դեպքում օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ և կիրառմամբ կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական հիմքը: