Panorama.am-ը գրում է.

Տնտեսությունում, պետական կառավարման համակարգում հաջողություններ ունենալու համար պետք է մեծ տեղ հատկացնել երիտասարդությանը, քանի որ  երիտասարդների արտահոսքն է «արնաքամ» անում տնտեսությունը և երկրի առաջընթացը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետԹաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ երիտասարդներին չպետք է հիշել միայն պատերազմի ժամանակ, սահմանը պահելիս, իսկ դրանից հետո նրանց թողնել բախտի քմահաճույքին, ինչպես եղավ արցախյան պատերազմից հետո:

«Այն ժամանակ հաղթանակը կերտած մարդիկ՝ լուրջ մասնագետներ, մտավորականներ, արհետավարժ մարդիկ, այսօր անգործ են: Մենք շատ անփույթ ենք նրանց հետ վարվել: Ես կցանկանայի, որ այսօր սահմանում կանգնած երիտասարդների հետ նույն կերպ չվարվեն՝ նրանց տան ոչ միայն կրթություն ստանալու, այլև ստացած գիտելիքը օգտագործելու երաշխիքներ: Մինչև դա չլինի, մենք տնտեսությունում, պետական կառավարման համակարգում առաջընթաց չենք ունենա»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Միաժամանակ նա ասաց, որ անընդունելի է, երբ գիտությունը ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր  բացարձակ չեն  պատկերացնում գիտության դերը տնտեսության, հանրային կառավարման առաջընթացի մեջ: Ուստի, ըստ տնտեսագետի,  բարեփոխումներ են անհրաժեշտ և կրթության, և գիտության ոլորտներում՝ ապահովելով երիտասարդ կադրերի ներհոսքը գիտության ոլորտ, իրականացնելով գիտական ներուժի սերնդափոխություն:

Նրա խոսքերով՝ նախկինում եղած գիտական դպրոցներն այսօր գոյություն չունեն, քանի որ սերնդափոխություն չի կատարվել: Մինչդեռ, նրա կարծիքով, երիտասարդ կադրերին այստեղ պատրաստում են, իսկ հետո արտագաղթի միջոցով նվիրում այլ երկրներին, որոնք ոչ մի լումա չեն ներդրել այդ երիտասարդների կրթության գործում: Վերջիններս  ստանում են պատրաստի կադրեր և նրանց շնորհիվ ապահովում իրենց երկրների առաջընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել