ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ,ավելի կոնկրետ նոյեմբերի 8-ին այդ երկրի ժողովուրդը կընտրի իր հերթական նախագահին։ Հանրապետականների մոտ արդեն կա հստակություն թեկնածուի հարցում։ Գործարար,միլիարդատեր Դոնալդ Թրամփը փրայմերիզների արդյունքում կարողացավ հավաքել անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ և հենց նա կլինի Հանրապետականների թեկնածուն։ Դեմոկրատների հարցում վերջնական որոշում դեռ չկա,սակայն փաստացի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է հիմնական հավակնորդ Բերնի Սանդերսին և Դեմոկրատների կողմից հենց նա կհավակնի ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Բնականաբար հայ հասարակությանը հետաքրքրում է, թե թեկնածուներից ով ինչ դիրքորոշում ունի Հայաստանի վերաբերյալ և ինչպիսին կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների կառուցվածքը մոտակա հինգ տարիների ընթացքում։
Այս ընտրությունները հայ-ամերիկյան մասով առանձնանում են նրանով,որ թեկնածուներից ոչ մեկի հանդեպ Ամերիկայի հայ համայնքը անվերապահ աջակցություն չի հայտնել։ Սրա լավագույն հիմնավորումը թերևս այն է,որ նախկինում այս կամ այն թեկնածուի հանդեպ բացահայտ աջակցություն ցուցաբերելը չի տվել ցանկալի արդյունք ու չի արդարացրել այն սպասելիքները որոնք նախօորոք ձեռք են բերվել կողմերի միջև։ Հենց թեկուզ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման իր՝ սենատոր եղած ժամանակ բազմիցս խոստացել է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը,սակայն նախագահ ընտրվելուց հետո մինչ այսօր դա տեղի չի ունեցել։ Ինչու է այսպես։ Կարծում ենք պատճառը,որքան էլ որ ականջի համար տհաճ հնչի,կայանում է նախևառաջ պահանջի ոչ ճիշտ ձևակերպման մեջ։ Տարիներ շարունակ սփյուռքի ու հատկապես ամերիկահայության քաղաքական պահանջների առանցքը պտտվել է գլխավորապես Ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ։ Հայդատականությունը ընտրելով որպես դիալոգի հիմնական թիրախ,ամերիկահայությունը գիտակցաբար կամ անզգուշորեն սահամանել է մի այնպիսի նիցշա,որին հասնելը ռացիոնալ քաղաքական տրամաբանության մեջ չի տեղավորվել։ ԱՄՆ-ի հաջորդ նախագահն էլ,ով էլ լինի,չի ճանաչելու Ցեղասպանությունը,որովհետև Թուրքիայի հետ շաղկապված է մի շարք տնտեսական ու քաղաքական լծակներով։ Հետևաբար նախագահի թեկնածուների,քաղաքական ու բիզնես էլիտաների հետ շփման օրակարգը կարիք ունի կտրուկ փոփոխման ու վերանայման։ Ապրելով աշխարհի համար մեկ գերտերությունում,հայերը կամ չեն կարողացել կամ չեն ուզեցել հասկանալ այդ երկրի հասարակական պուլսն ու քաղաքական մթնոլորտը։ Ապրիլյան վերջին դեպքերը և դրանց արձագանքները ցույց տվեցին,որ միջազգային ասպարեզում ահռելի աշխատանք կա անելու՝Հայաստան – Արցախ դիրքորոշման լուսաբանման ոլորտում։ Հայաստանում ժողովրդավարացման,պետական ինստիտուտների կայացման հարցերում նույնպես անելիքները քիչ չեն։ Այսպիսի երևույթների վրա պետք է օգտագործվեն այն ռեսուսրսները որոնք մինչ այս պարպվել են մեղմ ասած ոչ առաջնային նպատակների վրա։
Ինչ մնում է Քլինթոն –Թրամփ դիմակայությանն ու հայկական մասով նրանց դիրքորոշմանը,ապա մեծ հաշվով էականորեն դրանք իրարից քիչ են տարբերվում։ Քլինթոնը հայտնի է նրանով,որ Պետքարտուղար եղած ժամանակ աջակցել է հայ-թուրքական արձանագրությունների կազմմանը,որոնք հետագայում պիտի վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Ավելի վաղ 2006 թվականին նա ստորագրել է մի նամակի տակ, որտեղ կոչ էր արվում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ճանաչել Ցեղասպանությունը։ Ինչ մնում է Թրամփին,ապա վերջինս հայտնի է իր էքսցենտրիկ պահվածքով ու ոչ ստանդարտ դիրքորոշումներ հայտնելով։ Հայերի նախապատվությունը նախագահական մրցավազքում սովորաբար տրվում է դեմոկրատ թեկնածուներին,քանի որ Հանրապետականները կուսակցական թեկնածուի մասշտաբով Ցեղասպանության վերաբերյալ երեբք էլ միասնական դիրքորոշում չեն արտահայտել։ Այդ իսկ պատճառով Թրամփի համար դժվար է շահել հայ համայնքի վստահությունը։ Ամերիկացիները,ինչպես ցույց տվեցին փրայմերիզները,հոգնել են կեղծ պոլիտկոռեկտություններից և ժողովրդավարական շղարշներից,դա է վկայում,որ Թրամփը չունենալով սեփական կուսկացության անվերապահ աջակցությունը,այնուամենայնիվ հաղթեց ներկուսակցական պայքարում ու դարձավ հիմնական թեկնածու։
Եվ ուրեմն, ամերիկահայությունը պետք է պետք է հաշվի առնի վերոնշյալ հանգամանքները և ավելի պատասխանատու ու լուրջ մոտենա հայ-ամերիկյան հարաբերություններին։ Դրանք ձևավորվում են ոչ թե նախագահական ընտրությունների ժամանակ,այլ դրանից առաջ կամ նույնիսկ հետո։ Իսկ սա շարունակական ու ամենօրյա աշխատանք է ենթադրում, որի պրոդուկտիվությունը ամենից առաջ կողմերին հանգմանորեն Հայաստանի դիրքորոշման արտահայտման մեջ պիտի լինի։