Lurer.com-ը գրում է.
Տրանսպորտի ու կապի նախարարության ուշադրության կենտրոնում է պետական ծախսերը կրճատելու մասին վարչապետի հանձնարարականը: Աշխատանքներ են տարվում մի շարք ցուցանիշներ ու թվեր առավել մատչելի դարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունն ունի խիստ սահմանափակ թվով ծառայողական մեքենաներ, բայց որոշակի կրճատումներ ևս կլինեն. «Ունենք 13 ծառայողական մեքենա, որից 4-ը միտված ենք կրճատելու»,- ասաց Առաքելյանը:
Առաքելյանը նշեց նաև, որ նախարարությունն ունի տեխնիկական սպասարկող և բեռնատար մեքենաներ, որոնք նախատեսում է կրճատել. «Դա ընթացիկ գործընթացի հետ որևէ կապ չունի»,- նշեց նա:
Անդրադառնալով հաստիքային կրճատումներին` Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ հարցն առայժմ քննարկման փուլում է, և ինքն այս պահին չի կարող ասել, թե ինչ կրճատումներ են սպասվում:



