Tert.am-ը գրում է.

2015 թվականի քաղաքական տարին օրացուցային էր. նման բան հաճախ չի լինում: Կովկաս ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2015» խորագրով միջազգային գիտաժողովին այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


«Հայաստանն ու Վրաստանը հաճախ են հակառակ իրադրություններում հայտնվում: Ի տարբերություն Վրաստանի՝ մեզ համար նախորդ տարին պակաս հանգիստ էր, առավել հագեցած քաղաքական իրադարձություններով: Քաղաքականապես այն չափազանց հետաքրքիր էր: 2015-ի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական զարգացումները ստիպեցին մտածել, հասկանալ, վերլուծել, իմաստավորել»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, թե «տարին սկսվեց հունվարի 2-ին և ավարտվեց դեկտեմբերին»:


Ըստ Իսկանդարյանի՝ տարին սկսվեց հունվարի 2-ին ֆորմալ մի իրադարձությամբ՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին պաշտոնապես անդամակցումով. «Նրանք, ովքեր դեմ էին արտահայտվում այս միությանը Հայաստանի անդամակցությանը, նշում էին տնտեսական այն բարդությունները, որոնք ի հայտ են եկել միության անդամ երկրներում՝ կապված այն աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որ ստեղծվել է Արևմուտք-Ռուսաստան բախման հետևանքով: Միության անդամակցության կողմնակիցներն իրենց հերթին նշում էին, որ տնտեսական բարդությունները շատ ավելի խորը կլինեին, եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին: ԵՏՄ-ն մեծավմասամբ քաղաքական կառույց է և մեծ հաշվով ոչ տնտեսական է և ոչ էլ միություն»:


Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ունեցած դժվարությունները կապված են ոչ այնքան ԵՏՄ-ի, որքան Ռուսաստանի հետ՝ ռուբլու անկում, նավթի գների նվազում, սանկցիաներ:


«Սրանք գործոններ են, որոնք միևնույն է՝ անկախ ԵՏՄ-ին անդամակցությունից, պետք է ազդեին Ռուսաստանի հետ տնտեսապես կապված Հայաստանի վրա: 2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայաստան ժամանեց Քիմ Քարդաշյանը, որ քաղաքական առումով թեպետ նշանակություն չունեցավ, սակայն ողջ աշխարհով մեծ իրարանցում առաջացրեց: Ես կառանձնացնեի չորս երկրների նախագահների ներկայությունը Երևանում, հատկապես՝ նախագահներից երկուսը՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Մինսկի խմբի անդամ են: Կառանձնացնեի Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը և դրան հաջորդած ելույթը: Պապն իր ելույթով և «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմամբ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմությունից տեղափոխեց առհասարակ ցեղասպանությունների, քրիստոնյաների և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունների տիրույթ»,-շարունակելով խոսել 2015 թվականի քաղաքական տարվա մասին, ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, քաղաքագետն ասաց, թե 2016 թվականի էսկալացիան իր վրա կրում է 2015 թվականի բավական լուրջ սրացման հետևանքները այն առումով, որ 2015 թվականին հակամարտության գոտում սկսեցին կիրառվել ծանր զինատեսակներ և նույնիսկ՝ տանկեր:


Արտաքին քաղաքական տարին էլ Իսկանդարյանի խոսքով՝ ավարտվեց դեկտեմբերի 7-ին, երբ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ մեկնարկում է ՀՀ-ԵՄ բանակցությունների նոր փուլը:


«Դա վկայում է այն մասին, որ Եվրոպան սկսել է ընկալել քաղաքական իրողությունները և պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման՝ առանց տնտեսական հատվածի»,- ամփոփելով 2015-ի քաղաքական տարին, եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել