«Եթե մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք կռվելով ու պատվով». 
Ղարաբաղյան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմության գիրկն էին անցնում այն փոթորկահույզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմությունը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:
Ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնությունը, որը ցայտուն կերպով դրսևորվել էր շարժման առաջին օրերին ու ամիսներին: Իսկ բուն պայքարը ահավոր ծանր ու երկարատև էր լինելու, և միայն զոհաբերության պատրաստակամ, Ղարաբաղի ազատագրմանը հավատարիմ, կյանքի ու ապրելու գերխնդիր դարձած մարդը կարող էր հաղթահարել դեպի հաղթանակը տանող բազում խոչընդոտներով լեցուն ճանապարհը: Տվյալ ժամանակահատվածում դա ամենակարևոր ճշմարտությունն էր, որի արժեքն ու իմաստը խորապես ըմբռնել էր Հայ Դատի նոր-նոր զինվորագրված պռոշյանցի երիտասարդ Պետոն:
1964 թվականի հունվարի 30-ին ծնված, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ուսանող Պետոն, մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղևոնդյան դարձավ, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնացքի գրավման դժվարին ծրագիրը, այլև իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:
Շահումյանի շրջանում անցկացված հենց առաջին իսկ օրերից Պետոն աչքի էր ընկնում մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարվեցողությամբ, մարդկանց հասկանալու կարողությամբ:
1991թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն ու տեղ հասնելուն պես Պետոն ու իր ընկեր Կարոտը անմիջապես ներկայնում են Թաթուլ Կրպեյանին` քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի և Կարոտի առաջին և, ցավոք, վերջին հանդիպումն էր:
Մալիբեյլիի գրավման ժամանակ, գրոհը սկսվելուց վայրկյաններ անց Պետոն` գործելով հարվածային ջոկատի կազմում, վիրավորվում է ուսից. Վերքը թեթև էր և ապաքինումն էլ անցկացնում է աննկատ և ինչպես ասում են` ոտքի վրա:
Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշենի, Մարտունաշենի ողբերգական անցքերից հետո, երբեք չապրեց պարտվողի հոգեբանությամբ, նրա դավանանքը միայն հաղթանակն էր:
Անգամ Շահումյանի դեպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարոտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպեսզի նա կորցներ իր վճռականությունն ու անսասան ոգին:
Իսկ հաղթանակի կարևորագույն պայմանն, ինչպես բազմիցս նշում էր Պետոն, անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը:
Նա մեկընդմիշտ ընտրել էր այդ ուղին և պետք է գնար մինչև վերջ:
Ու նա գնաց մինչև վերջ. Մինչև հաղթանակ:
1994 թվական. փետրվարի 14. Թուրքական ուժերը ղարաբաղյան զորամիավորումների հարվածներից մազապուրծ` լքում են իրենց դիրքերը և անցնելով Օմարի լեռնանցքը` ԼՂՀ բանակի մարտիկների տնօրինությանն են հանձնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները:
Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովվել սնունդով ու տաք հագուստով: Թիկունքն առաջավոր դիրքին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որն անցնում է Յանշաղ և Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ- տեղ դեռևս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում ամրացված զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն` այդ նպատակով, Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյաջա-Քյալբաջար ճանապարհահատվածի խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա հանդիպում է շտապ օգնության մեքենայի և նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղեկանում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ բանակի այնտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին: 
Բայց քանի որ ճանապարհը թուրքերի կողմից ականապատված էր, շտապ օգնության մեքենայի սպասարկող անձնակազմը երկյուղելով ողբերգական հետևանքներից` չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:
Պետոն, չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ : Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին:
Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը և ականի բեկորներից խոցված ` Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով ավտոմեքենաներով, արդեն անարգել, անցնում էին ղարաբաղյան բանակի զինվորները:
ԼՂՀ-ից դեպի Մռավ և Օմարի լեռնանցք ձգվող մայրուղին բաց է…
Պետոյի գործի միակ չափանիշը անմահությունն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս , ազատամարտիկ , հրամանատար Պետրոս Ղևոնդյանը 1996 թ.-ին ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է «Մրտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշանը` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով է կոչվել Պռոշյանի, Եղեգնուտի և Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007թ.-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց «Պետրոս Ղևոնդյան» անունը կրող լսարան:
ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ….

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել