Անկախություն կոչված այս տարիների ընթացքում, ընտրությունից ընտրություն, որոնք հեռուստասերիալների նման մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել, քանզի նույնքան շարունակական են և անիմաստ, մենք անվերջ խոսում ենք ընտրակեղծիքների, զանգվածային խախտումների ու կողմնապահությունների, անազնիվ արարքների, ընտրակաշառքների և տարաբնույթ այլևայլ` համամարդկային կոչված արժեքներին անհամապատասխան արարքների ու դրսևորումների և այդ բացասական երևույթների դեմ անողոք պայքար ծավալելու մասին: Սակայն այս տարիներ տևած հակընդդեմ «ճակատամարտերի» արդյունքում որևէ փոփոխություն տեղի չի ունենում, ոչինչ տեղից չի շարժվում: Ավելին՝ երբ «լույսի» մարտիկներն ու արդարությունը ոտնահարողները ընտրությունների արդյունքում տեղերով փոխվում են, շատ արագ փարիսեցիներն ու ընչաքաղցները մետամորֆոզվում են «արդարակյացների», իսկ «առաքինիներն ու բարոյականները» կարծես կախարդական փայտիկի մեկ հարվածով ձեռք են բերում իրենց բուն էությանը համապատասխանող բովանդակություններ` վերածվելով քաղաքական պոռնիկների: Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ մեզանում ոչինչ դեպի լավը չի փոխվում, եթե անձերի փոփոխմամբ հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի, ապա ի՞նչ է հարկավոր անել, արդյո՞ք պատճառները առավել խորքային, արժեհամակարգային բնույթ չունեն, արդյո՞ք դրանք մարդկանց, ողջ հասարակության կյանքում հոգևոր-բարոյական արժեքների արհամարհման ու մարդու «անկման» հետևանք չեն, արդյո՞ք այս բացասական երևույթներից ազատվելու հնարներն այն «դասագրքերում» են փնտրվում, որտեղ դրանց լուծումներն առկա են, թե՞ զբաղված ենք մութ սենյակում սև կատու որոնելու անմիտ գործով:
-Էրեխեք, ոնց որ կրվում եմ, շտապ մի քիչ լայքեք էլի,- ասում է մի աղջնակ, ով իր գրվածքը ներկայացրել է ինչ-որ գրական մրցույթի: Աղջիկ է, մեզնից ի՞նչ է գնում, խնդրում է` անենք: Եվ առանց ընթերցելու, «հավանում», լայքում ենք այդ գրվածքը՝ մեզ հաշիվ անգամ չտալով, որ դրանով զրոյացնում ենք այդ մրցույթի բուն` լավագույնին ի հայտ բերելու նպատակը: Ավելին: Գուցե սրանով նպաստում ենք հերթական տաղանդազուրկ գրողի կամ լրագրողի կայացմանը, ով վաղն իսկ, մրցույթում հաղթողի իր բարաթը թափահարելով, սկսելու է իր ճաշակն ու կրած արժեք-չարժեքները փաթաթել հասարակության վզին, մեզ բոլորիս սկսելու է «դաս» տալ: Չէ՞ որ մեզանում լեցուն են այդպիսիք: 30-70 տարեկան «երիտասարդ» գրողներ, հրապարակախոսներ, լրագրողներ, սցենարիստներ և գլամուրային ոլորտի այլևայլ գործիչներ ու գործչուհիներ, ովքեր իրենց անուրանալի «վաստակն» ունեն մեր մատաղ սերնդի հոգևոր բռնաբարման գործում: Անուններ չտանք, խնայենք թուղթը:
-Սա իմ բալիկն է,-ասում է մի կին,-շատ շնորհալի, խելացի ու լսող երեխա է, երազում է կինոաստղ դառնալ և մասնակցում է ինչ-որ ֆիլմում էպիզոդիկ դեր ստանալու մրցույթին, ձեզանից է կախված, խնդրում եմ, զանգահարեք այսինչ համարին և սեղմեք այնինչ կոճակը:
Լավ կին է, բարի աչքեր ունի, Ֆեյսբուքում էլ ընկերներ ենք, ինչո՞ւ չօգնել, մանավանդ մեզանից բան չի գնում: Եվ առանց խորանալու զանգահարում ենք, սեղմում: Հայ երեխա է, թող առաջ գնա: Չենք մտածում անգամ` ում և ինչ ենք «ծնում»…
-Մեր հայ երգչուհին է և «Եվրատեսիլ» կոչված այդ մրցույթի եզրափակչում է երգում: Հայ մարդ, աշխարհի որ ծայրում էլ լինես, զանգահարիր և քվեարկիր նրա օգտին:
- Այո’, մենք պիտի առաջինը լինենք և բոլորին ապացուցենք, որ…,- ասում է հայի ներքին ձայնը և քվեարկում ու ազգովի մեր գլխներին հերթական սակավատաղանդությանը պատուհաս ենք սարքում և տարիներ շարունակ ստիպված ենք լինելու լսել նրա և նրա նմանների` մեզ որպես երգարվեստի բարձրակետ մատուցվող հերթական արաբա-հունա-թրքական ոռնոցն ու ճղճղոցը:
«Տեգորս կնոջ հորեղբոր աղջկա նշանածն ա, շեֆիս քրոջ ազգականն ա, մեր հարևանի խնամին ա», և այսպես շարունակ: Ու մենք ձայն ենք տալիս, զանգում ու լայքում, միջնորդում ու բարեխոսում ենք, սրանով իսկ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, լինի դա մշակույթ թե հանրակրթություն, ներքին կառավարում թե արտաքին հարաբերություններ, ամեն, ամեն տեղ, ինքներս մեր ձեռքով «դասավորում ու տեղավորում», ականջներից բռնած «վեր» ենք քարշ տալիս պատահական արարածների:
Մեր, առաջին հայացքից անչար ու անշառ թվացող, իսկ խորքում աննկարագրելի անբարոյական ու ազգի համար կործանարար այս վարքագծով նպաստում ենք ամեն տեսակ անտաղանդների ու անշնորհքների հաղթանակներին, օգնում ենք անբան ու անընկալունակ ավանակներին հասարակական և հանրային կյանքում բարձր դիրքեր զբաղեցնել, քաղաքական ու պետական կառավարման ոլորտներում ԻՐԵՆՑ համար ապագա փնտրող տարաբնույթ արկածախնդիրներին աջակցում ենք պաշտոնական աստիճաններով վեր բարձրանալ և այս ամենից հետո զարմանում ենք, թե ինչու է ամեն ինչ այսքան վատ:
Ուրեմն սիրելիներս, փորձենք մեր այս տեսակ վարքագծի գնահատականը ինքներս տալ: Եթե այս ամենը նորմալ ենք համարում, ապա հարց չկա, «դժոխքի դուռը» ահա արդեն երևում է, իսկ եթե «հարց» կա, ապա փորձենք միայն ուրիշներին չմեղադրել, այլ հասկանալ ու գիտակցել մեղքի մեր չափը: Մեր հասարակությունն այսօր բարոյալքված է ու ապականությունն է իր հունձքն անում: Այս վիճակից դուրս պրծնելու բանալին յուրաքանչյուրիս ձեռքում, մեր ներսում է: «Կփոխվեմ ես, կփոխվի և այս աշխարհը»: Ահա սա է միակ ճշմարիտ մտայնությունը, որը մեզ պիտի առաջնորդի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/artashes.papazyan/posts/291523060973137?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել