Panorama.am-ը գրում է.
Ընդամենը երկու օր առաջ Սիրիայում կռվող քուրդ-արաբական միացիալ ուժերը (Սիրիայի դեմոկրատական ուժեր (ՍԴՈՒ)) հայտարարեցին «Իսլամական պետության» (ԻՊ) կենտրոնի՝ ալ-Ռակկա քաղաքի ուղղությամբ ռազմգործողությունների սկսման մասին:
Հիշյալ հայտարարությունը տեղի ունեցավ հատկապես օրեր առաջ ամերիկացի բարձրաստիճան զինվորականների Սիրիայի քրդաբնակ Քոբանի կատարած այցելությունից հետո, որտեղ ի թիվս այլ խնդիրների, քննարկվել էին նաև ԻՊ-ի կենտրոնի՝ ալ-Ռակկայի ուղղությամբ քրդական ուժերի հարձակման հնարավորությունները: Հատկանշական է, որ վերոհիշյալ հայտարարությունից հետո, Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվեց ռուսական կողմի պատրաստակամությունն ամերիկացիների և քրդերի հետ միասին մասնակցելու ԻՊ-ի դեմ ռազմգործողություններին:
Պետք է հաշվի առնել հետևյալ պարզ իրողությունը՝ քրդերը կարող են արդյունավետ գործել ԻՊ-ի դեմ, բայց ալ-Ռակկայի ուղղությամբ հարձակման մասով քրդական ուժերի համար կան լուրջ խնդիրներ: Ալ-Ռակկան սուննիաբնակ քաղաք է, որի շուրջ վերջին ժամանակներում ԻՊ-ի զինյալների կողմից պաշտպանական գծեր կառուցվեցին: ԻՊ-ն այստեղ կուտակել է զգալի ռազմուժ, որին հաղթել դժվար կլինի անգամ օդային աջակցություն ստացող քրդական ուժերի համար:
Հավանաբար քրդերը լավ պատկերացնում են ԻՊ-ի կենտրոնի ուղղությամբ ռազմգործողությունների բացասական հետևանքները, ուստի քրդական շրջանակներում էլ ավելի լսելի են դառնում այն տեսակետները, որ ալ-Ռակկայի ուղղությամբ ռազմգործողությունները իրենց (քրդերի) պատերազմը չէ, դրանք ավելի շուտ պարտադրված են և ուղղորդվում են դրսից:
Այս պարագայում քրդերի համար հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Սիրիայի կառավարական զինուժի, սուննի խմբավորումներից և տեղի արաբ ցեղերից կազմված ուժերի հետ համախմբված ալ-Ռակկայի ուղղությամբ ռազգործողություններին մասնակցությունը միջազգային կոալիցիոն ուժերի օդային հարվածների զուգորդմամբ:
Սիրիական Քուրդիստան (Ռոժավա) հասկացությունը նոր տերմին է, որը սկսվեց լայնորեն շրջանառվել քրդերի կողմից հատկապես սիրիական հակամարտության սկզբնավորումից ի վեր: Հակամարտության հետագա ընթացքն ու դրանում քրդերի մասնակցությունը նպաստավոր իրավիճակում դրեցին Սիրիայի քրդերին:
Նախ այն առումով, որ քրդերը երկար ժամանակ զրկված էին քաղաքացիություն ունենալու հնարավորությունից, իսկ արդեն 2012 թ. ամռանից Դամասկոսը տվեց քրդերին Սիրիայի քաղաքացիություն, դուրս բերեց կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարածքներից՝ տեղափոխելով ընդդիմադիր ուժերին դիմակայելու առավել վտանգավոր ռազմաճակատներ: Քրդերը հնարավորություն ստացած քրդաբնակ հատվածներում հայտարարել ինքնավարություն, ստեղծել ինքնակառավարման մարմիններ, կազմակերպել սեփական զինուժը, զբաղվել այդ տարածքների կառավարմամբ և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



