Բարեկամներ, իմ աշխատանքներից թվայնացված չէր միայն «Երրորդ Հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը» գիրքը, որը լույս է տեսել 2002-ին: Շուտով կլինի էլեկտրոնային հրատարակությունը: Իսկ մինչև այդ՝ հատվածներ: Ահա մի հատված՝ «Երրորդ հանրապետությունը պատմության դատարանի առջև» գլխից... Վիրտուալ դատ է... 

Մուտք

Եվ ահա, թող գումարվի ազգային Վերին Ատյանը,- այլևս նահանջի տեղ չկա, այլևս ժամանակ չկա, մի զորավոր երկիր, մի հնամյա Ազգ հայտնվել է անդնդի եզրին, նրա պետականությունը և մտավոր ուժը ելքը չեն տեսնում.- միայն Վերին Արդարադատությունը, Տիեզերքի Օրենքի և Ազգի Իմաստությունը կարող են օգնել մեզ:

Եվ թող նստի արդարադատության գահին նա, ով մեր սրտերի Տերն է, անկաշառ Դատավորը, իր առջև դնի մի հրեղեն կշեռք և սկսի հայոց պատմության մեջ այս աննախադեպ Դատը: Եվ ո՜վ է ամբաստանյալի աթոռին,- թող կուրանային հայոց աչքերը, թող սուգ կապեին հայոց մայրերը,- այդ աթոռին վեց հարյուր տարի սպասված, մեր ապստամբ Սիրո – մեր Համազգային Շարժման արգանդից ծնված տասնամյա մանուկը` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: 
Հազար դեմք ունի ամբաստանյալը` Երրորդ Հանրապետության հիմնադիր-ստեղծողներից սկսած, տաս տարվա մեջ նրա քաղաքականությունը որոշած ու իրականացրած մարդկանցից` մինչև երկրի ամենավերջին ու ամենափոքր պաշտոնյաները: Ամբաստանյալի կողքին նրա դրոշն է` ստրասբուրգյան մի շորի կտոր, որի վրա գրված է` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատ շուկա, խոսքի ազատություն: Ահա և նրա շահերի պաշտպանները – հաագաներից հրավիրված անգործ իրավագետներ, որոնք շտապել են Հայաստան, այստեղ դատվում է միջազգային հանրության կողմից մահացու սիրով սիրված հայոց անկախ պետականությունը: Ոչ մի հայ մարդ չի համաձայնել լինել այս փաստաբանների մեջ և պաշտպանել Երրորդ Հանրապետությանը, թեկուզ նրանց շարքում կան եվրոպական կեղծամներ հագած մի քանի հայածին օտարներ: 

Ահա և մեղադրողը և, միաժամանակ` տուժող Հայ Ազգը, նա էլ հազար-հազար դեմք ունի – տաս տարում հայրենիքը լքած ու այսօր էլ հեռացող հազարավոր ընտանիքներ, տարիներով հայրերին չտեսած կանայք ու երեխաներ, գործազուրկ վարպետներ ու բանվորներ, գրիչ ու թուղթ չունեցող մտավորականներ, սովալլուկ մուրացկաններ... Բայց այս դժբախտ դեմքերը ամեն ակնթարթ ծածկվում են մի զորավոր, հրացայտ դեմքով, որի աչքերը շողարձակում են այնպիսի հպարտություն ու զորություն, որ անհնար է գրչով նկարագրել: Մեղադրողի կողքին նրա դրոշն է` հայոց եռագույնը, որի վրա գրված է երեք բառ – Արարիչ, Ազգ, Մշակույթ: Ահա և նրա դատապաշտպանները` լեռներից իջած գեղջուկ իշխաններ, լուսավոր դպրության մամփրե-արքաներ, անանուն սպարապետներ, մեղրաշուրթ աշխատավորներ, հոգևոր դասից` խոնարհ թուխ-մանուկներ... 

Բայց նորից նայենք Դատավորին, գահույքի վրա մի եռադեմ Արև է շողում: Այո՜, Ս. Երրորդությունը Հայկական Բարձրավանդակի վրա Հայ Դատն է անում... Ավա՜ղ, դարավոր թշնամու փոխարեն ամբաստանյալի աթոռին նստած է հայոց Երրորդ Հանրապետությունը, սրանով ճակատագիրը մեզ ի՞նչ է ասում… Եվ դատարանի դահլիճում անձայն հնչում է ճակատագրի ձայնը.- Մինչև չճանաչես ինքդ քեզ, Դատարանի առջև չբացես քո արատները, չապաքինես քո կյանքը ու չվերագտնես քո էությունը` թշնամիդ դատի չի կանչվի, չի դատապարտվի և կորուսյալ երկիրդ քեզ չի վերադարձվի… 

Եվ տիեզերաշունչ լռության մեջ ոսկեբառ հայերենով հնչում է Դատավորի ձայնը, որ կողմերին ճշմարտության ու արդարության կոչն է հղում: Եվ ներկայանում են կողմերը.- Երրորդ Հանրապետությունը խոսում է մի խեղճ, շուտասելուկ հայերենով – մեր արքենի լեզուն մի միջազգային լեզվի մեղկ-մակերեսային շեշտերն է առել և այլևս անճանաչելի դարձել... Իսկ Հայ Ա՜զգը.- դատարանի դահլիճով անցնում է հանդիսավոր սարսուռը, երբ լսվում է նրա զուսպ, ոգեշունչ, աղոթալի՛ց հայերենը: Եվ ցավի մի կնճիռ հատում է նրա պայծառ ճակատը, աչքերի մեջ ցոլում է մի ծանր արցունք, երբ նայում է իր ամբաստանյալ զավակին` Երրորդ Հանրապետությանը: Ինչպե՞ս եղավ, որ իր արգանդում պտղավորվեց, իր թևերի մեջ մեծացավ, իր շնչով սնվեց այս ախտաշատ զավակը: 
Եվ խոսում է Հայ Ազգը, զուսպ ու կարճառոտ ներկայացնում մեղադրանքը, որն ասում է...

(շարունակելի)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել