Tert.am-ը գրում է.

Բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը պետք է երկու նախապայման առաջադրի՝ հրադադարի ռեժիմի պահպանում, Ղարաբաղը բանակցություններում ընդգրկելու քաղաքականություն: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարության հետ, թե ՀՀ երեք նախագահները որդեգրել են հողերը հանձնելու քաղաքականություն, ՀՅԴ պատգամավորը չհամաձայնեց՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ եղել է այլ մոտեցում, իսկ հիմա հողերի հանձնման տարբերակը քննարկվում է կարգավիճակի դիմաց միայն:

«Համաձայն չեմ, որ նույն քաղաքականությունն է տարվել մինչև հիմա: Անտեղյակ մարդը, ով չգիտի՝ ինչ է եղել կարգավորման օրից մինչև հիմա, երբ եղել են հակամարտության կարգավորման փուլային, փաթեթային, փաթեթափուլային տարբերակներ, տարբեր տեսակի, կարող է նման գնահատական տալ: Ակնհայտ է՝ ով ինչին է համաձայնել: Առաջին նախագահի հրաժարականը եղավ Ղարաբաղի հարցով, եթե հիշում եք, ու դա այն առաջարկն էր, որը չընդունվեց ժողովրդի, իր շրջապատի զգալի մասի կողմից, ու սա պատմական ճշմարտություն է: Հիմա դժվար է խոսել՝ վերջնական ինչ տարբերակ կառաջարկվի:

Խնդիրն այն է, որ ունեցել ենք երկու սկզբունքների կիրառում, այն էլ աղավաղված, որոնցից մեկը ենթադրել է տարածքի վերադարձ՝ հանուն խաղաղության, որի վրա կառուցված են եղել առաջին նախագահի մոտեցումները, որոնք մերժվեցին Ղարաբաղի, Հայաստանի կողմից: Դա ենթադրում էր, որ մեծ նվաճում պետք է համարենք խաղաղությունը, որը մեզ պետք է պարգևի Ադրբեջանը: Հետո տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը սկսեց իրականացվել, բայց հակառակ տրամաբանությամբ՝ կարգավիճակը չհստակեցված, որը միջազգային փորձի, պրակտիկայի խախտում է: Բնականաբար, այս տրամաբանության մեջ է փոփոխությունը»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ Ադրբեջանն իրեն դուրս է դրել բանակցային գործընթացից, որովհետև չի կարելի խոսել խաղաղ կարգավորման մասին, բայց մարտի դաշտում հրահրել պատերազմ:


«Բնական է, որ այս աննորմալ վիճակից պետք էր ազատվել: Մեր դիվանագիտական սխալն է, որ թույլ ենք տվել երկակի ստանդարտներ կիրառել, թույլ տալ Ադրբեջանին՝ գործընթացը տանել այն ուղղությամբ, որը ինքն է ուզել: Եթե մենք բանակցում ենք, ուրեմն գնդացիրները, հրետանիները պետք է լռեն: Եթե դա այդպես չէ՝ ուրեմն բանակցել պետք չէ»,- շեշտեց Ռուստամյանը։  

Արմեն Ռուստամյանն ասաց, որ կարևոր է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները պահել, ինչից հետո կարելի է խոսել ոչ թե բանակցությունները, այլ հանդիպումների նոր ռաունդի մասին: Նա ասաց, որ բանակցություններ մինչ օրս, ըստ էության, տեղի չեն ունեցել. «Երկու նախագահների հանդիպումները դեռ բանակցություններ չեն: Դրանք հանդիպում են՝ բանակցությունները սկսելու համար: Քանի Ղարաբաղը չի նստել բանակցությունների սեղանին, խոսել բանակցությունների մասին՝ անիմաստ է… Խոսել զիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանն առհասարակ որևէ զիջման մասին չի խոսում, մենք կոպիտ սխալ ենք համարում: Հակառակորդը անբանակցելի կողմ է»:

Ինչ վերաբերում է 800 հեկտարի մասին Նախագահի հայտարարությանը, որը, ըստ Սերժ Սարգսյանի, ռազմավարական նշանակություն չունեցող տարածք էր, ապա ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ խոսքը պատերազմական գործողությունների մասին է, ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն այս տարիներին փոխվել է, կարող է փոխվել, իսկ պատերազմը դադարեցնելու երաշխիքներ չկան:

«Գիծը փոփոխական եղել է ու կլինի: Մի քանի դիրքեր վերցրել են, գյուղ չեն վերցրել: Անվտանգության պատճառով է, որ գյուղը վերահսկողության տակ է: Ոչ մի բնակավայր չեն վերցրել: Պատերազմական գործողությունները կանգնեցվել են: Առանց դրա մասին հայտարարելու, անունները նշելու, կարող եմ ասել, որ հակառակ կողմից էլ կան տարածքներ, բայց մենք չենք ասում»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել