Աշխարհասփյուռ հայությունը երկու կարևոր խնդիր ունի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը հասնելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի անդամ Կարո Քեբաբջյանը:
«Ղարաբաղի ճանաչման հարցում պիտի աշխատեն ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Սփյուռքի, Հայաստանի կառույցները: Քանի դեռ չկա միասնական աշխատանք, չի կարող լինել արդյունք»,-նշեց Կարո Քեբաբջյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում գումարվեց ՀՅԴ Հայ Դատի հերթական համագումարը, որտեղ քննարկվեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
Հարցին, թե Հայ Դատը մշտապես քարոզել է Արևմտյան Հայաստանի վերամիավորում, արդյոք այսուհետ քարոզելո՞ւ է նաև Ղարաբաղի անկախացում, Կարո Քեբաբջյանը դրական պատասխան տվեց:
«Դիրքերում դաշնակցական տղերք կան, իրենց ջոկատներով, մենք ամեն ինչ անում ենք… «Ոչ մի թիզ հող» կարգախոսն այս պարագայում էլ ուժի մեջ է: Համայն հայությունը պետք է սա որդեգրի: Մանավանդ արյունով առնված հողը չի տրվի»,-նշեց Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը:
Դիտարկմանը, թե հայկական կողմը որոշակի զիջումներ արել է, Նախագահը հայտարարել է՝ ոչ ռազմավարական նշանակության հողերի կորստի մասին, Քեբաբջյանն այսպես արձագանքեց. «Կարևորը պատերազմը հաղթելն է, ոչ թե ճակատամարտը: Սա մի ճակատամարտ էր:
Ճակատամարտով չի որոշվում պատերազմ հաղթելը: Սա ճակատամարտ էր, որը նենգամտորեն կազմակերպված էր: Մենք պատրաստ չէինք, հավատում էինք Մինսկի խմբին, անակնկալի եկանք, բայց եղավ այն, ինչ եղավ: Դրա համար դեռ վաղ հասակից հայ երեխայի համար ատրճանակն ու սուր միտքը հավասարի վրա պիտի լինեն»:
Քեբաբջյանը շեշտեց, որ քառօրյա պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, շուրջ 100 հայ երիտասարդ է զոհվել, ու Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթերը դարձել են թղթի կտորներ:
«Զոհ ենք տվել, նոր պատերազմ ենք դիմագրավել, հաղթել ենք: Թուրքը պարտվել է: Ալիևը ամեն րոպե հայտարարում էր, որ պիտի սուրճ կամ թեյ խմի Ստեփանակերտում, որ հեսա Ստեփանակերտ է գալու, բայց վազելով գնաց, աղաչեց, որ դադարի, թե չէ իր վիճակը վատ է լինելու: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք թուրքի կատարածին դիմագրավելու: Թուրքը գայլ է, գայլը ոչխար ուտելուց չի հրաժարվի, նույնիսկ եթե գայլին վանդակում պահես ու ամեն օր հատուկ կեր տաս: Իրենց գեներում կա, հարյուր տարի հետո ոչխար էլ տեսնեն, պիտի հոշոտեն: Սա է»,- նշեց Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը:
Նա նկատեց, որ հայկական դպրոցներում տարիներ շարունակ սովորեցրել են՝ հայը, թուրքը, ադրբեջանցին բարեկամներ են, եղբայրներ են, բայց թուրքը դա իր երեխաներին չի սովորեցրել:
Հարցին՝ ՀՀ և ԼՂ իշխանություններն անո՞ւմ հնարավորը հարցը կարգավորելու, սահմանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Կարո Քեբաբջյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն իշխանությունները, այլև՝ ամենքս, ամեն մի հայ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/19/kebabjyan/2024999
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



