Պետբյուջեի միջոցների խնայողաբար օգտագործելու հարցը ակտուալ բնույթ է ստացել: Վերջին շրջանում լուրջ քննարկումների տեղիք է տվել ծառայողական մեքենաների կրճատման խնդիրը, քանի որ պետական միջոցները խնայելու տեսանկյունից ծառայողական մեքենաների կրճատումը հնարավորություն կտա ահռելի միջոցներ խնայել և դրանք ուղղել հրատապ խնդիրների լուծմանը:
Մայիսի 12-ին կառավարության նիստից առաջ վարչապետը ծախսերը կրճատելու և խնայողական օրակարգի անցնելու վերաբերյալ իր հայտարարության մեջ անդրադարձավ նաև ծառայողական մեքենաների կրճատման խնդրին: Հանրությունը, չնայած որոշակի թերահավատությանը, ակնկալում էր, որ ի վերջո այս հարցում ականատես կլինի գործնական քայլերի:
Կառավարության այսօրվա նիստում արդեն իսկ պարզ դարձավ, որ ավտոմեքենաների կրճատման խնդրին գործադիրը մոտենում է փուլային եղանակով և առաջին փուլում կրճատվելու Է 797 մեքենա, որին կարող են հետևել նաև այլ կրճատումներ` ընդգրկելով տարբեր ոլորտներ:
Ճիշտ է` գործադիրը մեքենաները կրճատելու հարցում գնաց կտրուկ քայլի, քանի որ դա նշանակում է շատ անձանց զրկել այն հնարավորություններից, որոնցից նրանք շռայլորեն օգտվում էին, սակայն պետությունը սրանով ցույց է տալիս, որ դրվում է մի գործընթացի սկիզբ, ինչը համակարգային փոփոխություններ է նախատեսում:
Կարծում ենք՝ ոչ արդյունավետ ծախսերի կրճատումը ոչ միայն հնարավորություն կտա փոքր միջոցներով մեծ արդյունքի հասնել, այլև կնպաստի հասարակության մեջ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը: