Թերթի զրուցակիցն է ԶՈՒ Գլխավոր շտաբի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Սայադյանը: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
  
-Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում:


-Լազերային կուրացման սարքը նախագծվել և ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են և օգտագործվում են հակընդդեմ:
Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաև օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարևորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:


Սարքի առավելությունն այն է, որ մինչև դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաև հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է:


-Ինչպե՞ս է աշխատում լազերային կուրացնող սարքը:


-Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը: Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաև հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչև տեսողության ամբողջական կորուստ պատճառել:


Բայց ամենակարևորը, որ սարքը դիպուկահարին բացահայտում է մինչև նրա աշխատանքը: Դիպուկահարների դեմ պայքարի շատ սարքավորումներ կան աշխարհում, որոնք բացահայտում են դիպուկահարին նրա կատարած գործողությունից հետո: Այսինքն՝ կրակոցի ձայնը տարբեր սարքավորումների միջոցով ուղորոշումների ենթարկելով տարբեր տեղերից, այդ ուղղությունների հատման կետում ստանում են կրակոցն արձակելու վայրը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել