Araratnews.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2016թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը եւ քննական կենտրոնների ղեկավարները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական ավարտական եւ միասնական քննությունները համապետական նշանակության միջոցառում են եւ գտնվում են  հասարակության ուշադրության կենտրոնում: «Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ: Մասնավորապես՝ քննությունների անցկացման գործընթացի թափանցիկության բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը հնարավորություն տվեցին հասնելու թերեւս ամենակարեւորին՝ հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը եւ քննությունների ընթացքի եւ արդյունքների նկատմամբ վստահության աճին», ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը քննական կենտրոնների ղեկավարներին է ներկայացրել իր նկատառումները. «Ինչպես անցած տարի, այս տարի եւս քննությունների ողջ գործընթացը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում: Չնայած վերջին տարիներին միասնական քննությունների ժամանակ լուրջ խնդիրներ չեն առաջացել, այնուամենայնիվ, հորդորում եմ ձեզ այս տարի եւս լինել զգոն եւ կազմակերպված: Քննությունները պետք է ընթանան բացառապես թափանցիկ եւ արժանահավատ՝ զերծ անօրինական երեւույթներից: Դրա հիմնական պատասխանատուն դուք եք: Քննական կենտրոնի ղեկավարը պետք է գերազանց տիրապետի ողջ գործընթացին, կարողանա հայտնաբերել խնդիրները եւ արագ լուծումներ տալ դրանց»: Կառավարության ղեկավարը ներկաներին հորդորել է  լինել անաչառ, հանդուրժող եւ բարեհամբույր  ծնողների ու դիմորդների նկատմամբ. «Շատ կարեւոր է, որ քննասենյակում դիմորդը իրեն զգա բարեհաճ մթնոլորտում:  Ձեր արդյունավետ գործունեությամբ դուք պետք է նպաստեք քննական գործընթացում փոխըմբռնմանը, վստահության եւ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը,  յուրաքանչյուր դիմորդի համար հավասար պայմանների ստեղծմանը՝ իրենց գիտելիքները եւ կարողությունները լավագույն ձեւով դրսեւորելու համար: Այս առումով միասնական քննությունների անցկացումն այն առանցքային փուլն է, որի արդար կազմակերպումն առողջ մրցակցային պայմաններ կստեղծի դիմորդների միջեւ եւ հնարավորություն կտա մեր բուհերը համալրել արժանի ուսանողներով»,- շեշտել  է վարչապետը:  Նշելով, որ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ եւ անդրադառնալով Նախագահի փետրվարի 12-ի ելույթին ու կառավարության նիստում իր հայտարարությանը ՝  Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվելու հնչեցված  բոլոր ուղղություններով:

«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է, որ  ընթացակարգով նախատեսված 2016 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները  կատարված են  եւ այդ առումով որեւէ խնդիր չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել