Artsakhpress.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել։
Ելույթում նշվում է.«Հարգելի խորհրդարան,
Հասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը և բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, և երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վերահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երևանի առաջարկները՝ ևս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է և վստահության մեխանիզմների հետաքննությունն ուղղակի անհրաժեշտություն է:
Ավելին՝ հանդիպումից հետո Հանրապետության առաջնորդը հղեց կոնկրետ ազդակներ.
1. Պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտրվի համարժեք պատասխան:
2. Բովանդակային իմաստով բանակցությունների մասին որևէ խոսք չի եղել:
3. Հայաստանյան կողմն առաջարկել է մինչև հաջորդ՝ նախատեսվող հանդիպումը շփման գծում իրականացնել մոնիտորինգ: Ընդ որում, մոնիտորինգի հաստատման որևէ նախապայման չի եղել: Հայաստանյան կողմը հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի և պնդողի դերում:
4. Մեր զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրը և թույլ չեն տվել հակառակորդին ագրեսիայի արդյունքում միակողմանի զիջում կորզել հայկական կողմերից: Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանը ձախողվել է:
5. Մենք մեր տարածաշրջանում և մասնավորապես Արցախում ձգտում ենք խաղաղության, որպեսզի մեր հայրենակիցները ծառայեն իրենց Հայրենիքին, ապրեն և արարեն հանուն Հայրենիքի: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք միավորել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի ջանքերը: Դա է մեր միակ ուղին:
Շնորհակալություն ուշադրության համար»:



