168.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգևորված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Վիեննայի հանդիպման արդյունքներով: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք չափազանց ոգևորված ենք երեկվա հանդիպման արդյունքներով: Երկու նախագահներն էլ պարտավորվել են հետևել հրադադարի մասին ռեժիմին, ակտիվացնել վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր միջոցառումները ու բանակցություններ սկսել հաջորդ ամիս, ինչը կարող է հանգեցնել համընդգրկուն կարգավորման»,- ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները ցուցաբերել են քաղաքական կամք, որպեսզի դուրս գան ստատուս-քվոյի շրջանակից ու միջոցառումներ ձեռնարկեն, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բնակչությանը:

«ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են այդ հարցում ցուցաբերել ցանկացած օգնություն»,- ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադրության սրացումից հետո առաջին հանդիպումն են ունեցել։

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել