Tert.am-ը գրում է.
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնալով Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը՝ ասաց, որ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում՝ կարող է խախտվել՝ կախված հայ-ադրբեջանական սահմանի դրությունից:
«Եթե սահմանին չունենք վստահության բավարար մեխանիզմներ և հրադադարի լիարժեք պահպանման հնարավորություններ ու երաշխիքներ, բնականաբար, ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել դրանց կիրառման մեխանիզմները: Երեկվա հանդիպումներում կարևորն այն է, որ Ադրբեջանն ինքը համաձայնություն տվեց սահմանագծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վստահության մեխանիզմներ տեղակայելուն, ինչը տարիներ շարունակ մերժում էր: Սակայն ընդունելն ու կյանքի կոչելը տարբեր բաներ են, մենք պետք է հավաստիանանք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գիծը գտնվում է հրադադարի պահպանման ներքո»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդ մեխանիզմների ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները, իրականացնել հետաքննություն և անել նաև քաղաքական հայտարարություններ: «Սա կարող է Ադրբեջանի համար լինել զսպող մեխանիզմ, որպեսզի ագրեսիան և սահմանային լարվածությունը թուլանան»,- նշեց նա:
Ըստ Զաքարյանի՝առանց Ղարաբաղի մասնակցության բանակցությունները վերջնական արդյունք ունենալ չեն կարող: Նրա գնահատմամբ՝ կարևոր փուլում ԼՂՀ-ն կմտնի բանակցային գործընթաց: Իսկ կարևոր փուլ ասելով նկատի ունի ձեռք բերված համաձայնությունների լիարժեք կատարումը և վերջնական փաստաթղթի պատրաստումը։ «Հայաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ համաձայնություններ, բայց մինչև պաշտոնական Ստեփանակերտն իր վերջնական համաձայնությունը չտա, մենք չենք կարող ասել, որ կյանքի ենք կոչում այս կամ այն փաստաթուղթը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:



