Հայաստանը աշխարհի ամենամիատարր երկրներից մեկն է, որտեղ բնակչության 99 տոկոսը հայերից է բաղկացած: Մի քանի հոգի այլազգիներ կային, նրանք էլ աստիճանաբար լքում են երկիրը: Հայաստանից մի քանի անգամ ավել թվաքանակով հայկական Սփյուռքի համայնքներն անգամ ապրում են խիտ-խիտ, իրար գլխի հավաքված, «գետտոյի» կարգավիճակում, կյանքում խիստ պահպանելով ու կողմնորոշվելով հայկական ադաթներով:
Մի խոսքով, այն ինչ կատարվում է մեր շուրջը՝ Հայաստանի ողբերգական վիճակը, ճահճի վերածված քաղաքական դաշտը, կոռումպացված համակարգը, ժամ առ ժամ երկրի դատարկվելը, Սփյուռքի համայնքների քայքայումը, հայության ուծացումը, սեփական հայրենիքից օտարացումը, այս ամենը տեղի են ունենում մեր աչքերի առջև, մեր մասնակցությամբ ու անմիջական ԿԱՏԱՐՄԱՄԲ: Ո՛չ մի օտար ձեռք, ո՛չ մի այլմոլորակային չի մասնակցում մեր սեփական «սպանդին», իրականացնողն ու ենթարկվողը ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ:
Քանի, որ պատճառը մենք ենք՝ ԱԶԳՈՎԻ, ուստի ուզենք, չուզենք ելքն էլ պետք է գտնենք ազգովի: Իմ խորին համոզմամբ հիմնական պատճառը մեր անիրազեկությունն է, թե ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց այս ամենը: Նորանկախ Հայաստանի իշխանության ղեկին նստեցրին մարդկանց, որոնք բացարձակապես գաղափար չունեին կոմունիստական, փակ-ոստիկանական համակարգը՝ ազատ-շուկայականով փոխարինելու գիտելիքների մասին: Նրանք դա չէին սովորել ո՛չ «կազերյոկներում» ու «պապլավոկներում» և ո՛չ էլ Մարքս-Լենինյան կարմիր հաստափոր հատորներում: Տառապելով ինքնասիրահարվածության ու մեծամտության ախտով՝ նրանք ո՛չ իրենք սովորեցին դա անել, ո՛չ մասնագետների հրավիրեցին իրենց սովորեցնել, բնականաբար՝ ո՛չ էլ իրենք ժողովրդին սովորեցրին նորովի ապրել:
ԵԼՔԸ ...
Մինչև այս բոլորը հասկացած հայորդիներ՝ Հայրենիքով և Սփյուռքով, միասին չստեղծեն նոր մտածողության, նոր գիտելիքների, նոր գաղափարների նոր որակների, ՆՈՐ ՀԱՅԵՐԻՑ բաղկացած նոր ազգային-քաղաքական ուժ, որքան էլ մեզ պատեպատ տանք, ոչինչ չենք կարողանալու փոխել մեր կյանքում: Ընդհակառակը՝ գնալով խրվելու ենք ճահիճը, որից հետո արդեն՝ մեզանով կզբաղվեն ուրիշները: Իսկ պատմության մեջ, բոլոր ազգերի մոտ նման հեղափոխական ուժեր ստեղծել են ԱՆՀԱՏՆԵՐԸ՝ իրար գտնելով և միավորվելով: Ցանկացած մարդ իրեն բոլորից լավ է ճանաչում: Նա, ով ընդունում է սա, համարվում է ԱՅԴ ՈՒԺԸ ստեղծող անհատներից մեկը...
Ավելացնենք, որ մարդկության տեսած նախորդ հեղափոխությունների ժամանակ մարդիկ իրար գտնում էին՝ բերնեբերան ձայն տալով, թռուցիկներով, ընդհատակյա նկուղներում հանդիպելով...
Իսկ մենք հիմա՝ Հ Ա Մ Ա Ց Ա Ն Ց ունենք...