Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլ առ փուլ:
Ինչպես նշում է tass.ru-ն, ռուս պաշտոնյան այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ անցկացված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո:
«Փոխզիջումը միշտ էլ հնարավոր է: Եթե նման հնարավորություն չլիներ, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այլևս չէին զբաղվի այս հարցով։ Մեր նպատակն է գործն ավարտին հասցնելը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել ու հակամարտությունը լիարժեք կարգավորել: Հաշվի առնելով կողմերի միջև ստեղծված բավական լարված իրավիճակը` մենք ստիպված կլինենք անել դա փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցման հավանականությունն արդեն կա: Դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդության շրջանակներում` արժանանալով մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հավանությանը»,-մանրամասնել է Լավրովը:
Այնուհետև ռուսական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան ամեն կերպ աջակցելու է հակամարտող կողմերի միջև փոխզիջման որոնմանը:
Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:



