Azatutyun.am-ը գրում է.

Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վիեննայում անցկացվելիք բանակցություններում կայունացնել իրավիճակը շփման գծում և վերահաստատել հրադադարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Վիեննայում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Վիեննայում տեղի ունեցող հանդիպումների շարքից, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ համանախագահները հույս ունեն, որ տեղի կունենան արդյունավետ քննարկումներ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկի մասին, որ բանակցությունների կարելի է վերադառնալ հրադադարի ռեժիմը ամրապնդելուց և հստակ երաշխիքներ ներկայացնելուց հետո, Ջեյմս Ուորլիքը նշել է.

«Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

Իր խոսքում ԱՄՆ համանախագահը նշել է, որ այսօր Վիեննայում հանդիպում են, որպեսզի ուղիներ փնտրեն առ այն, որ ապրիլյան սրացումը նորից տեղի չունենա:

Վիեննայում կայանալիք հանդիպման ֆորմատի առնչությամբ էլ դեսպան Ուորլիքը նշել է, որ, հավանաբար, բոլոր ներկաների և նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպումը, և որ ինքը հույս ունի՝ հանդիպումից հետո կկարողանա հայտարարել, որ լուրջ առաջնթաց են արձանագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել