Panarmenian.net-ը գրում է.
Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիան մայիսի 12-ից 15–ը ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ 9 մարզիկով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կունգ ֆուի բաց առաջնությանը:
Հայաստանի հավաքականի կազմում եղել են նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի (մարզիչ Դավիթ Գրիգորյան) 5 մասնակից: Առաջնությանը ներկայացած պետությունների թվում էր նաև Ադրբեջանի հավաքականը, որը ոչ սպորտային պահվածքի ու Հայաստանի հավաքականի դեմ կազմակերպած սադրանքի և ծեծկռտուքի պատճառով որակազրկվել է մրցումների առաջին օրը և հեռացվել Եվրոպայի ֆեդերացիայից, գրում է Ermenihaber.am-ը:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը: Ընդ որում, մեր բոլոր մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Խաչիյանը, Աշոտ Հարությունյանը, Դավիթ Կասումյանը, Հայկ Օհանյանը, Տիգրան Շաբոյանը, Արսեն Բաղիրյանը:
Արծաթե մեդալներ են նվաճել Դավիթ Պետրոսյանը, Ալբերտ Թորոսյանը, իսկ Արտակ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալ: