Կյանքում ցանկացած երևույթ էլ ունի իր լավ ու վատ կողմերը: Բացառություն չի կազմում նաև վերջին տասնամյակում հազարավոր, իսկ ավելի ճիշտ միլիոնավոր մարդկանց կյանք ներխուժած ինտերնետը: Սակայն բանական էակ լինելով հանդերձ, մեր առաքելությունը կայանում է հենց նրանում, որ կարողանանք տարբերել այդ վատ կողմերը լավերից, և անտեսելով բոլոր վատ կողմերը, մեր օգտին դարձնել լավերը ու փորձել հնարավորինս շատ օգտվել դրանցից: Ցավոք սրտի շատ-շատերին դա դեռևս չի հաջողվում… Եվ ամենացավալին այն է, որ այն շատ մեծ տեղ է զբազեցնում երեխաներից շատերի կյանքում, եթե մեր մանկության տարիներին մենք ունեինք բազմաթիվ ընկերներ, որոնք չէին ապրում միայն վիրտուալ աշխարհում, այլ գրեթե ամեն օր հայտնվելով պատշգամբի ներքևում, բղավում էին <<Չես իջնում բակ խաղալու?>>, այժմ շատ ու շատ երեխաների շփման միջոց են դարձել սոցիալական կայքերը, իսկ նրանց զբաղմունքը ինտերնետի միջոցով գտնված կամ հենց առցանց ագրեսիվ խաղերը, իսկ եթե նույնիսկ հայտնվում են բակում, ապա անգամ նրանց հետաքրքրող խաղերը կամ հեռախոսներում են կամ Ipad – ներում: Թերևս օգնելով մեզ գտնել ամենաթարմ ինֆորմացիա, շփվել մարդկանց հետ, որոնք գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռու, ստանալ բարձր գնահատականներ, ինչու չէ գտնել նաև աշխատանք, ինտերնետը խլում է հասարակության ամենազգայուն հատվածի` երեխաների մանկությունը:
Փորձենք պաշտպանել մեր ամենասիրելի էակներին տեխնոլոգիայի կողմից ստացված այս <<հրաշալի նվեր>>-ից և չթողնենք, որպեսզի նրանք կորցնեն կյանքի ամենաթանկ և ամենաանհոգ տարիները`մանկությունը:
Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ: