Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, պարզ է դառնում, որ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում շարունակաբար արձանագրվում է գնանկում: Ցուցանիշը զգալի է հատկապես պարենային և սպառման ապրանքների գների շրջանակներում: Նվազում առկա է նաև ոգելից խմիչքների և ոչ պարենային ապրանքների շրջանակներում:
Սպառողների համար սա դրական ցուցանիշ է, քանի որ փաստացի նվազում են իրենց առկա ծախսերը: Նույնը կարելի է ասել շուկայի մասին: Մրցակցության պակասը ազդում էր գների բարձրացման վրա, ինչի հետևանքով առկա էին դժգոհություններ:
Գնանկման պատճառներից մեկը ոչ միայն մրցակցության մակարդակի բարձրացումն է, այլ նաև արտաքին շուկայից ՀՀ ներմուծվող ապրանքների գների անկումը: Գլոբալ առումով գնանկումը բերում է վճարվող հարկերի կրճատման, ինչի հետևանքով պակասում են մուտքերը պետական բյուջե:
Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ առկա գնանկումը:
Վերլուծելով իրավիճակը, պետք է փաստել որ ամեն ինչ նորմալ է, քանի որ գնանկումը ավելի շուտ պայմանավորված է հիմնականում ներմուծվող ապրանքների գների անկումով: