Նախատեսվում է, որ արդեն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Վիենայում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի մասով համանախագահ երկրների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Քննարկման խնդիրը հավանաբար ոչ թե լինելու է ԼՂ կարգավորման գործընթացի ինչ-որ բաղադրիչ, այլ ԼՂ շուրջ ապրիլյան ռազմական սրացումներից բանակցային ձևաչափ անցնելու հնարավորությունը կամ միգուցե դրա անհնարինությունը:

Այսինքն փորձ է արվելու «բանակցել բանակցությունների համար»:

Հայկական կողմը միշտ էլ կողմ է եղել բանակցային ձևաչափին: Սակայն հիմա իրավիճակ է փոխվել: Ապրիլյան իրադարձություններից հետո մենք բանակցություններին մասնակցելու ենք որոշ նախապայմանների (խաղաղության պահպանման գործուն երաշխքիներ, դրա խախտման հետաքննության մեխանիզմներ ու հասցեական հայտարարություններ) բավարարման պարագայում: Առանց նշյալ նախապայմանների ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ալիևը տարիներ շարունակ ձգձգում է բանակցությունները, սկսում է զինվել, ռազմական հռետորաբանություն կիրառել, սահմանային սրացումներ նախաձեռնել, ապա նաև լայնածավալ հարձակման անցնել:
Եթե Ադրբեջանը բանակցային մասնակցությունը դիտում է ժամանակ շահելու միջոց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցում, ապա ՀՀ-ն հետևողական քայլեր է ձեռնարկելու ընդդեմ նման գործելաոճի ու ԼՂՀ-ի միջազգային իրավական ճանաչման գործընթացը լիովին տեղավորվում է այդ քայլերի տրամաբանության մեջ:

Եթե միջնորդները կարող են ճնշում բանեցնել Ալիևի վրա, որ նա այլևս նման քայլի չդիմի ու այդ գործելաոճը ստանա ինստիտուցիոնալ բնույթ, ապա Հայաստանը կմնա բանակցություններում: Եթե ոչ, ապա անիմաստ ժամանակ կորցնելու դրդապատճառ ՀՀ-ն չունի. կարելի է խնդիրը արագ լուծել նաև այլ ճանապարհով, սակայն արդեն նախահարձակ գործելաոճի ներքո: Ի դեպ, պետք չէ մոռանալ, որ ՀՀ-ն էլ իր հերթին զսպում է ԼՂՀ-ին, որպեսզի վերջինս գոնե այս պահին, նման նախահարձակ գործողություններ դեռևս չձեռնարկի Ադրբեջանի մասով:

Այսօր Ադրբեջանը շփման գծի տարբեր հատվածներում (Աղդամ) զինտեխնիկայի կուտակումները շարունակում է: Ավելին՝ հավանաբար կարճաժամկետ կտրվածքով սրացումներ կարող է ապահովել նաև Նախիջևանի սահմանի ուղղությամբ: Ի՞նչ է սա նշանակում. Բաքուն պատրաստվում է անհաջող ռազմական հարձակման ռևանշի, թե՞ ուժի սպառնալիքի միջոցով փորձում է ազդեցություն գործադրել բանակցային իրավիճակի վրա իր նպատակաների ապահովման տեսանկյունից: Մեծ հաշվով թե՛ առաջինը, թե՛ երկրորդը:

Ինչ էլ որ փորձի ցույց տալ Բաքուն, պետք է հասկանալ, որ Վիեննայի հանդիպումից մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք. լավագույն դեպքում կողմերը պետք է որոշակի ֆորմալ հանձնառություն ստանձնեն խաղաղության պահպանման ու դրա խախտումների հետաքննության մեխանիզմների հարցում: (Ի դեպ սա էլ քիչ հավանական է): Գումարած բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորման կարևորության արձանագրում: Ինչի մասին էլ Ալիևը Վիեննայում խոսի, մենք պետք է հասկանանք, որ ապրիլյան դեպքերի կրկնության սցենարն ամենից իրատեսական տարբերակն է, որ միգուցե միջնաժամկետ կտրվածքով կարող է իրողություն դառնալ: Այնպես որ գործողությունների հենց նման շղթային է, որ մենք պետք է պատրաստ լինենք:

Հ.Գ. Ի դեպ, էն որ Պուտինը ասում էր, եթե գիտես, որ կռիվը անխուսափելի է, պետք է առաջինը հարվածել, սխալ չէր ասում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել