Իրանի մեջլիսը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել արտակարգ օրինագծին, որը Իրանի կառավարությանը պարտավորեցնում է ԱՄՆ-ի դեմ ներկայացնել վերջին 63 տարիներին ձեռնարկված հակաիրանական արշավի արդյունքում կրած վնասի փոխհատուցման հայց: Այդ մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը:

«Ծրագիրը, որին կողմ է քվեարկել 181 պատգամավոր (290-ից), պարունակում է կառավարությանն ուղղված կոչ՝ գնահատելու ուղղակի և անուղղակի վնասները, որոնք Իրանը կրել է թշնամական, ստի վրա հիմնված և միջազգային իրավունքին հակասող Ամերիկայի գործողությունների հետևանքով: Փաստաղթուղթը Իրանի կառավարությունից նաև պահանջում է Վաշինգտոնի դեմ ներկայացնել այդ կորուստները փոխհատուցելու հայց»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Վաշինգտոնի դեմ հայցը պետք է պարունակի նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջ՝ 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջման և 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրանի կրած վնասների համար: Նաև՝ նյութական փոխհատուցման պահանջ՝ ահաբեկչություններից զոհված 17 հազար իրանցիների ընտանիքների համար և շատ այլ բաների, որոնց մեջ Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել