Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ մայիսի 16-ին նախատեսվող հնարավոր հանդիպման առավելագույն արդյունքը կլինի հրադադարի ռեժիմի ամրապնդումը և առաջնագծում հսկիչ սարքավորումներ տեղադրելու մասին համանախագահների միջնորդական առաջարկի քննարկումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, հայկական կողմը ավելի ուժեղ դիրքերից է գնում բանակցություններին՝ քանի որ ԼՂ հարցը պատերազմով լուծելու փորձը Ադրբեջանը ձախողել է, ուստի Հայաստանը կարող է կոշտացնել իր մոտեցումները: Բացի այդ ըստ նրա, համանախագահների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ պետք է ավելի հստակ ու հասցեկան հայտարարություններ արվեն։
 

-Պարոն Թորոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ մայիսի 16-ին հնարավոր է հանդիպում: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից: 
 

-Այս հանդիպումից լավագույն ակնկալիքը, որ կարելի է ունենալ, հրադադարի ռեժիմի ամրապնդումն է և համանախագահների միջնորդական առաջարկն է՝ առաջնագծում հսկիչ սարքավորումներ տեղադրելու և հակամարտության ընթացքն առաջնագծում հսկողության տակ պահելը: Դա առավելագույնը կլինի, եթե հնարավոր լինի: Իսկ կոնկրետ էսկալացիայից հետո  որպես հանդիպում, որը կարող է թուլացնել լարվածությունը և նոր հիմքեր ստեղծել հետագա բանակցային գործընթացի համար, սա կարծում եմ՝ այս հանդիպման  բովանդակությունն է:       
 

-Հանդիպման հաստատումից հետո սահմանին կրկին հարաբերական անդորրից հետո իրավիճակը լարվել է: Կարելի՞ է ենթադրել, որ էսկալացիայից հետո նույն շրջապտույտի մեջ ենք ընկնում՝ յուրաքանչյուր հանդիպումներից հետո կամ առաջ սրել իրավիճակը սահմանին:    
 

- Այո, դա Ալիևի ձեռագիրն է՝ ցանկացած երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների նախօրեին միշտ իրավիճակի լարվածության են դիմում, դրանով փորձելով նախևառաջ  արժեզրկել հանդիպումների բովանդակությունը և ցույց տալ, որ իրենք խոշոր հաշվով թքած ունեն միջնորդական առաքելության ջանքերի վրա, որ ասեն, թե այդ միջնորդական առաքելությունն արդյունավետ չի և հակամարտության լուծման խնդիրը տեղփոխեն այլ հարթություն, մասնավորապես օրինակ՝ ՄԱԿ, որտեղ իրենք իրենց ավելի ազատ ու անկաշկանդ կզգան: Իհարկե  դրանով իրենք կոտնահարեն եռանախագահների առաքելության պարտավորությունն ու  իրավունքը, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք հենց այդ համանախագահող երկների նկատմամբ: Բայց այս գործելաոճը կարծես թե մինչև այսօր անպատիժ է մնացել, և համանախագահող երկրները, կարծում եմ, պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ, պետք է ավելի հտակ ու հասցեկան լինեն մեղադրանքները, ավելի հասցեկան  լինի հրադադարի խախտման մեղավորների նկատմամբ պահանջները և այս դեպքում, կարծում եմ, Ադրբեջանն  աստիճանաբար կզգոնանա և ավելի կառուցողական  դաշտում կփորձի մասնակցել բանակցություններին: Այո, նրանք կարող են շարունակաբար  նման վարքագիծ դրսևորել, քանի դեռ համանախագահներն իրերն իրենց անունով չեն կոչում:
 

-Կարելի՞ է ենթադրել, որ կարգավորմանն ուղղված հիմնական սկզբունքների մասին քննարկումը կուղղվի երկրորդ պլան: Եվ քանի որ ասացիք, որ հիմնական շեշտ, ըստ Ձեզ, կդրվի հրադադարի ռեժիմի պահպանման վրա, հնարավո՞ր է հանդիպումը նպաստի շփման գծում կուտակված մեծաքանակ զինուժը դուրս բերելուն։

 
-Այո, հիմնականում, կարծում եմ, առաջնագծի լարվածության թուլացմանն ուղղված կլինեն քննարկումները, բայց իմ կարծիքով հայկական կողմը կարող է կոշտացնել նաև իր դիրքորոշումը և հետ կանգնել Մադրիդյան ակզբունքների որոշ դրույթներից, որովհետև Ադրբեջանն անընդհատ մերժելով դրանք և փորձելով  պատերազմի միջոցով լուծել խնդիրը, այստեղ էլ ձախողվել է, հետևաբար՝ մենք ավելի ուժեղ դիրքերից ենք գնում բանակցային գործընթացի այս հանդիպմանը և կարող ենք կոշտացնել մոտեցումները:  
 

-Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս մասնակցելու է Վիենայում ԼՂ հակամարտության շուրջ քննարկումներին: Նման նախադեպեր եղել են և կարելի է ենթադրել, որ ԱՄՆ–ն հարցի կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում ՌԴ-ից:
 

-Մենք նկատել ենք,  որ եռանախագահները պարբերաբար համատեղ ակտիիվությունից զատ առաձին ակտիվություն ևս ցուցաբերում են: Ունենք փաստեր, որ ՌԴ-ի նախաձեռնությամբ են նախագահները հանդիպել՝ Սոչիի հանդիպումը հիշենք, Կազանյան հանդիպումը, եղել են ՌԴ-ի ԱԳ նախարարի Լավորվի նախաձեռնությամբ հանդիպումներ եղել են և  համանախագահող մյուս երկրների կողմից նախաձեռնություններ: Այո, նկատվում է, որ տվյալ դեպքում ամերիկյան կողմն է ակտիվություն ցուցաբերում, պակաս ակտիվ չէ նաև ֆրանսիական կողմը, օրերես հիշենք, որ փարիզյան հանդիպումների ժամանակ ԱԳ նախարարների միջև ֆրանսիական կողմից առաջարկ եղավ անգամ առաջնագծում վերահսկող տեղադրող սարքերի սպասարկումը կարող են ֆրանսիացիները վերցնել իրենց վրա: Այսինքն՝ տվյալ դեպքում ակտիվությունն ավելի շատ ամերիկյան և ֆրանսիական կողմինն է, չնայած, որ ռուսական կողմը հայտարարեց, որ իրենք ողջունում են ցանկացած հանդիպում հակամարտող կողմերի միջև և իրենց  աջակցությունն են հայտնում:  Այսինքն՝ ռուսական կողմը գոնե առերևույթ դրական է տրամադրված այս հանդիպմանը և հուսանք, որ այն թեկուզ մի փոքր առաջընթաց կգրանցի հակամարտության կարգավորման գործընթացում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել