Իրիկնացել էր:
Վրանում բոլորը լուռ էին:
Ասելու բան չկար․ խոսքերն անիմաստացել էին: Ասելիքը շատ կարճ` Գուլդուր Սերոժը արդեն բացատրել էր.
- Առավոտը պետք է ստիպենք, որ թուրքը հավատա, թե հիմնական հարվածը մեր կողմից է լինելու, ու գա մեզ վրա, որպեսզի մարտունեցիք կարողանան անխափան գործել:
Հարցերի ժամանակ չկար: Մտածել էր պետք: Տղաների պատրաստվելը տեսնել էր պետք:
Ձախ անկյունում լուռ ծխողը Բենամուկի Գագոն է: Ուխտել է գնդակից զոհվել, որ միանա վաղամեռիկ որդուն: Վառարանի մոտ նստածները Ալազան Հարութն ու Նորիկն են` ամենատարեցները. Թրթռուն կրակի խաղից դեմքներն ավելի է արյունոտվել: Ալազանը վախենում էր տղաների աչքերին նայելուց, ախր բոլորը իր որդու հասակին են, ու առավոտյան ինքն է նրանց մարտի տանելու: Արտակն ու Միքոն լուռ մաքրում են զենքերը ու կարծես չեն էլ նկատում, որ դրանք վաղուց արդեն հայելու նման փայլում են: Դա նրանից է, որ զենքին ասելու բան ունեն: Այդպիսի պահերին բոլորը հասկանում են ու զրուցողին չեն խանգարում: Մարտից առաջ ամենաթանկն ու թաքունը կարող ես վստահել միայն զենքիդ` համոզված լինելով, որ նա անսխալ կփոխանցի որդուդ: Չխանգարենք, թող զրուցեն: Ճուտ Մուշեղը փորձում է մթան մեջ տեսնել բոլոր ընկերներին ու հավատում է, որ ում տեսնի, վաղը կռվում իր կողքին կլինեն: Ցեղապետ Վաչոն թաքուն կռացավ, սվինը խրեց մայր հողի մեջ ու սկսեց հեթանոս աստվածներին աղոթել: Թաքուն դա արեց, որ տղերքը չտեսնեն ու չնախատեն քրիստոնյա հողին ոչ սազական գործի համար:
Բոլորն էլ տեսան, բայց չտեսնելու տվին. Թող աղոթի, թող հոգին դատարկի. վաղը թեժ մարդ է լինելու:
Զարզանդն ու Կամոն քթների տակ ֆիդայու մի հին երգ են երգում: Մի տեսակ անտարբեր, կարծես չեն երգում, այլ ամեն մեկը իր մոր կամ գուցե հարևանի սևաչք աղջկա հետ են զրուցում, ու երգը իրենց չի վերաբերվում: Հեյ վա՜խ, Զարզա՜նդ Արմեն: Ի՞նչ իմանայիր, որ հենց առավոտը բախտ ես ունենալու ֆիդայի օծվելու:
Արջը ներս մտավ, կողքից կախված ջրամանից մի կում խմեց, ու աչքերում թաքուն ժպիտ փայլեց: Բոլորը գիտեին, որ ջրամանում նա կոնյակ է պահում, ու ձևացնում էին, թե անտեղյակ են այդ խորամանկությանը: Ուղղակի բոլորին էլ դուր էր գալիս նրա աչքերի փայլը տեսնելը:
Տիրող լռության մեջ գնալով լսելի էր դառնում Զարզանդի ու Կամոյի երգը: Ռիթմը տարածվում էր վրանով մեկ, լցվում ու ուժգնանում:
Ու ոչ ոք չնկատեց, թե ինչպես հանկարծ իրենցից անկախ բոլորը միացան ու սկսեցին ամբողջ ձայնով երգել: Հետո Զարզանդն ու Ճուտը ոտքի կանգնեցին ու արդեն բռունցք արած` ավելի խրոխտ սկսեցին երգել: Արտակը մոտեցավ, կանգնեց երկուսի արանքում, տղերքը կիպ կպան իրար ու սկսեցին ցնցել ուսերը: Էրիկն ու Հրանտը ուժեղ ծափ զարկեցին ու ամբողջ ջոկատը կարծես հենց դրան էր սպասում:
Բոլորը ոտքի կանգնեցին, ու սկսվեց “Յարխուշտան”: Խելագար ծափ-պար բռնեցին տղերքը, երգի ռիմթը լցվեց սար ու ձոր, ու արձագանքը Խուստուփի ժայռից էինք առնում: Ամեն ծափից ցնցվում էր հողը: Ոչինչ, որ շարժումները մի քիչ կոպիտ ու անկանոն էին ստացվում, վերջապես ո՞վ է ասել, թե պարում կարևորը շարժումներն են, տեսե՞լ են կռվից առաջ պարող մարտիկի աչքերը:
Կրակ ու ցասում, վճռականություն, վրեժի ծարավ, խաղաղ օջախի կարոտ. ամենը խառնվել ու պատկերվել են տղերքի աչքերում: Պարում են տղերքը: Պարում են ինքնամոռաց: Պարում են, ասել է թե` արդեն պատրաստ են վաղվա կռվին: Պատրաստ են հաղթելու:
Պարե՛ք, տղերք, պարե՛ք: Սուրբ Կարապետը վկա` ձեր պարն առել են Մարաթուկն ու Անդոկը:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/401758.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել