Գրող-գրականագետ, իմ նախկին գործընկեր Hovik Charkhchyanն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ծայրահեղ ծանր վիրավորներ Ռուբեն Առաքելյանի ու Արման Լազգիյանի բուժումն արտերկրում իրականացնելու համար պետությունը միջոցներ չի գտնում: Այնուհտեև հրապարակային ենթադրել է, թե ՀՀ ԱԺ նախագահի համար այդ միջոցները գտնվում են:

Գտնում եմ, որ անհրաժեշտություն կա արձագանքելու պարոն Չարխչյանի այս մտորումներին.

Հարգելի պարոն Չարխչյան, պետք է ամեն ինչ անենք, որ մեր հերոս տղաներն ապաքինվեն, վստահ եմ, որ մենք դրա համար չենք խնայի ջանք ու կգտնենք միջոցներ: Յուրաքանչյուր հայի կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար: Առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուրիս ջանքներն ուղղված են թե հերոսների ապաքինմանը, թե նրանց ընտանիքների անդամների բարեկեցությանը և թե յուրաքանչյուր հայի անվտանգությանն ու խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությանը: Այս առումով խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ, որ, որպես հայ, բարձրացնում եք մեր հերոսների բուժման հարցը: Ի ուրախություն բոլորիս` պետք է հիշեցնեմ ՀՀ կառավարության «ՀՀ-ից դուրս՝ զինծառայողների բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» 2016թ-ի ապրիլի 21-ի թիվ 410-Ն որոշման ընդունման մասին, որով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվեց լուծել Ձեր կողմից բարձրացրած հարցը:
Սակայն, հարգելի պարոն Չարխչյան, այդ կարևոր ճանապարհին ամենևին կարիք չկա միմյանց հետ հակադրել այնպիսի երևույթներ, որոնք իրականության մեջ գոյություն չունեն: Վստահեցնում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բուժման համար պետական բյուջեից անգամ 1 լումա չի ծախսվել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ այդ խմբի բարձրաստիճան պաշտոնյաների բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել