Դեռ վաղ է հարձակվել կառավարության վրա։ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարունից հետո, համաձայն որի՝ կառավարությունը ձգում է գոտիները և անցնում է ծախսերի խնայողական ռեժիմի, միանգամից բարձրացրեց թերահավատության ու քննադատության ալիք, ինչը միանգամայն օրինաչափ է՝ հաշվի առնելով վստահության այն ճգնաժամը, որը գերիշխում է մեր հասարակությունում։ Սակայն, ըստ իս՝ շտապողականություն էլ պետք չէ դրսևորել։

Ակնհայտ է, որ այսքան տարի արատավոր համակարգի կայացման անդադար պրոցեսսից հետո, անհնար է, որ մեկ օրվա մեջ ամեն ինչ կարգավորվի։ Հաճախ բախվում ենք իրավիճակի, երբ անգամ ցանկության դեպքում, պետական ապարատի ներկայացուցիչը պարզապես չգիտի իր ֆունկցիոնալ պարտականությունների արդյունավետ իրացման եղանակ, քանի որ ամբողջ գերատեսչություններ կան, որտեղ վերից վար գործել են արատավոր սխեմաներ և մարդիկ պարզապես չեն իմանում դրա հակառակ գործելոճի մեթոդաբանությունը։

Հոգեբանության մեջ խնդրի լուծումը սկսվում է դրա հստակ գիտակցումից ու ձևակերպումից, որը պացիենտը հենց ինքը պետք է անի, այլ ոչ թե հոգեբանն անի դա իր փոխարեն։ Հիմա պացիենտը մեր կառավարությունն է և կարևոր է թեկուզ իսկ այն, որ մեր հիվանդոտ կառավարությունը սկսում է հնչեցնել ու հստակ ձևակերպումներ տալ իր խնդիրներին։ Սա առաջին քայլն է, որն իհարկե չի երաշխավորում դրական փոփոխությունները, բայց առանց որի այդ փոփոխություններն ապրիորի անհնար են։

Հիմա մնում է սպասենք, որ մեր պացիենտը խնդիրների հնչեցումից հետո, պատրաստ լինի նաև դրանք լուծելուն և խոսքից զատ, գործով էլ ցույց տա իր պատրաստակամությունը դրանք շտկելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել