Ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց երկրի ներսում առկա մի շարք խնդիրներ, որոնք տարիներով կուտակվել էին և որոնց մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում էին տարբեր հարթակներից: Պետք է հասկանալ, որ գալիս է շրջադարձային կետ, երբ կուտակված պրոբլեմները և խնդիրների բեռը դառնում է անտանելի: Մասնավորապես, տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ պետք է կրճատել պետական ապարատի այն ծախսերը, որոնք էական ազդեցություն չեն ունենում աշխատանքի իրական արդյունքի վրա, համապատասխան քայլեր ձեռնարկել և այդ խնայողություններից առաջացած միջոցները ուղղել առաջնահերթ խնդիրների լուծմանը:
Ներկայումս ստեղծված իրավիճակը պահանջում է անցնել խիստ խնայողական ռեժիմի: Գործադիրի ղեկավարը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է, որ կրճատվելու են գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Կարծում ենք` վարչապետի հայտարարությունից բխող քայլերը «առողջ ստիմուլ» կհանդիսանան խնայողական ռեժիմին անցնելու տեսանկյունից, իսկ թե կոնկրետ ինչ ընթացք կստանան ծախսերի հետագա կրճատումը, ժամանակը ցույց կտա: