Razm.info-ն գրում է.
Մայիսի 11-ին, Ադրբեջանի խորհրդարանի գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «Գիտության մասին» օրենքի նախագծից հանվել է Ադրբեջանի ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում առկա ուսուցման համակարգում սովորողներին բանակից տարկետում տրամադրելու մասին կետը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Հաբիբբեյլին հայտնել է, որ օրինագծից նշված կետի հանելը կապված է առաջնագծում լարվածության աճի հե, և ավելացրել է, որ նման իրավիճակում «մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողներին տարկետում տրամադրելը ճիշտ չի լինի»:
Ավելացնենք, որ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակել ցանկացողներին տարկետման իրավունք տրամադրելու հոդվածը Ադրբեջանում հանվել էր դեռևս 2006-ին: Մինչ օրս տարկետման իրավունք ունեն միայն բակալավրիատում սովորող ուսանողները:
2016-ին առաջ էր քաշվել օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ, սակայն առաջին ընթերցմամբ ընդունվել է նախագծի փոփոխված տարբերակը: Երկրորդ ընթերցմամբ օրինագիծը խորհրդարանում քվեարկության է դրվելու մայիսի 17-ին: