(Հունվարի 20, 1919 - օգոստոսի 25, 2006), հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։
Սիլվա Կապուտիկյանը ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ և խմբագիր Բարունակ Կապուտիկյանը, մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ խոլերայի համաճարակից: Ապագա բանաստեղծուհին մեծացել է մոր և տատի խնամքի տակ, ունեցել դժվար մանկություն, հիշողություններ ամբարել գաղթականներով բնակեցված իրենց թաղից: Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։ 1936 թվականին ընդունվել և 1941թ.-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950թ.-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ 13 տարեկանում Կապուտիկյանը գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում:
1948թ. ընդունվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերը: 1945թ. լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952թ. «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988թ.` ՀԽՍՀ պետական մրցանակներին, նույն թվականին ստացել նաև իտալական «Նոսիդիե» կոչվող գրական մրցանակը: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: 1962թ.-ից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի երկրների, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում :
Ուշագրավ են նաև Կապուտիկյանի կատարած բանաստեղծական արժեքավոր թարգմանությունները: Կյանքի վերջին տարիներին Կապուտիկյանը մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում: Այս ժանրի նրա գործերն ամփոփված են «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ» գրքերում, իսկ 1997թ. լույս տեսած «Էջեր փակ գզրոցներից» վերնագրով 700 էջանոց գիրքը մի ինքնատիպ հաշվետվություն է երկրի հասարակական կյանքին բերած իր սեփական մասնակցության մասին: Կապուտիկյանը Խորհրդային Միության, Հայաստանի Հանրապետության, Աջարիայի Ինքնավար Հանրա պետության պետական, Ավ. Իսահակյանի անվան, իտալական «Նոսիդե» գրական մրցանակների դափնեկիր է: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին, 1998թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով:
Կապուտիկյանը նաև եղել է` ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ, Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է` ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ: Նրա ամուսինը եղել է Հովհանես Շիրազը:
Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006թ. օգոստոսի 25-ին: Գերեզմանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել