Tert.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողների հետ հանդիպմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև ղարաբաղյան իրադարձություններին:

ԱԺ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց համազեկուցողներին փոխանցած մտահոգությունը, որ  պատերազմական գործողությունները ներքին բարեփոխումներ իրականացնող երկրի համար մեծ փորձություն են:

«Պահանջել ենք, որ  առիթ ստեղծեն ու այցելեն Ղարաբաղ, իսկ եթե չեն էլ այցելում,ապա գոնե պետք է հստակ գնահատական տան, թե ով սկսեց պատերազմը, և դրա համար փաստերն ակնառու են։ Պետք չէ, որ իրենք ազդվեն Ադրբեջանի քարոզչությունից և անորոշ, չհասցեավորված պատասխաններ տան: Իրականությունն այն է,  որ ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը որևէ դրդապատճառ չունեն սկսելու, և հենց Ադրբեջանն էր, որ ստատուս քվոն փոխելու մասին էր խոսում, ընդ որում՝ ռազմական ճանապարհով։ Ըստ էության,  բանակցությունները դադարել էին հենց Ադրբեջանի մեղքով»,- համազեկուցողներին փոխանցածը ներկայացրեց Ռուստամյանը:

ՀՅԴ-ն նաև սուտ ու կեղծ լուրեր է համարել Ադրբեջանի կողմից տարածվող այն հայտարարությունը, թե իբր Ռոբերտ Վոլթերի զեկույցը  չընդունվեց, ու այդ պատճառով  պատերազմական  գործողությունները սանձազերծվեցին: «Ասացինք, որ  ճիշտ հակառակն է, ամեն ինչ անում էր  Ադրբեջանը, որպեսզի  այդ գործողություններն արդարացնի՝ ասելով որ ինքն իրավունք ունի իր պատկերացրած ձևով հարցը լուծելու, և դրա պաշտպանությունը ստացել է նաև Եվրոպայի Խորհրդի կողմից և շատ ուրախ ենք, որ  գոնե Վոլթերի գլխավոր փաստաթուղթը մերժվեց, բայց մնաց մյուսը և պատահական չէ, որ ինտենսիվ գործողությունները եղել են հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ, որովհետև Ադրբեջանը համարում էր դրա համար կանաչ լույս է ստացել »,- ասաց Ռուստամյանը: 

Հարցին, թե համազեկուցողների կողմից արձագանքներն ինչպիսին էին, Արմեն Ռուստամյանը նշեց, թե  իրենք բնականաբար այս ամեն ինչն ընդունում են:

«Ղարաբաղի մասով  իրենք ասում են, որ օրակարգում պետք է անպայման պահեն Ղարաբաղ այցելելու հարցը և այցելուց հետո ունենան համապատասխան ինֆորմացիա՝ կատարվածի հետ կապված և անպայման  պետք է կանխեն պատերազմական այդ գործողությունները: Ընդունում են, որ այստեղ լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել