Էս վերջերս, ոնց հասկացա, սոցցանցերում ահագին քննարկվում էր նրա բեմական զգեստը... Նման մի բան աչքովս ընկել էր, մի երկու գրառում նայեցի ու... ծիծաղելի էին այդ քաղքենիական դրսևորումները: Մարդիկ կան, որ թողես, մենակ ուրիշներին «քլնգեն», ցանկացած հարցում: Ըստ որում, էնպես են երգչուհու շորեղենից կամ զգեստից կախվել, կարելի է կարծել, մարդը դրանով գնացել է, ասենք՝ շուկա, գնումների, կամ՝ պաշտոնական ընդունելության:
Դա բեմական զգեստ է, կոնկրետ ելույթի համար: Դա իր բեմական կերպարի բաղկացուցիչ ու կարևոր մասն է: Մարդը գեղեցիկ արտաքին ունի, ներկայացնում է, ի՞նչ կա դրա մեջ: Գուցե ինչ-որ մեկը, որ ծուռոտն է կամ, որ ավելի վատ է՝ ներաշխարհով է չար, տանե՞լ չի կարողանում գեղեցիկ մարդուն, առհասարակ, գեղեցիկը: Է՜հ, թող չտանի:
Հա, ի միջի այլոց, մեր իրականության մի ծուռտիկ ընկալում էլ. կան մարդիկ, որ երգչի, դերասանի մասին դատում են հենց նրա բեմական կերպարով, այնինչ, բեմից դուրս, նա կարող է բոլորովին այլ կարգի անձնավորություն լինել: Հա, իսկ որ մի քիչ էլ «բաց» են հագնվում կամ, դերասան է, հանկարծ մերկ տեսարանում է նկարահանվում՝ պրծա՜վ... Բա եթե այդքան առաքինի՞ եք, ինչո՞ւ եք ինքներդ նայում, չէ՞ որ դա էլ է ահավոր մեղք, հարգելի հավատաքննիչ-հոգեքրքրիչներ ջան:
Իսկ Իվետա Մուկուչյանի ելույթն, ըստ իս, ընտիր էր: Անկախ այն բանից, թե այդ սարսաղ մրցույթում մեր ներկայացուցչուհին որ տեղը կգրավի, կարծում եմ, նա առավել քան արժանիորեն ներկայացրեց մեր երկիրը:
Ապրի ինքը: Եվ հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում սրտանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել