Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն՝անդրադառնալով նրան, որ քառօրյա պատերազմից հետո կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսակցությունները չեն բխում նախկինում գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից գրավադրված «Հրազդան-ցեմենտ» գործարանի տույժերը ներելուց, նկատեց, որ աշխատելու դեպքում պետությունը 2-3 ամսում այդ գումարը հետ կբերի ու ավելացրեց.«Հիմա, որ բռնեցինք, Բաղդասարովին կախաղան բարձրացրինք, գործարանն աշխատելո՞ւ է. չի աշխատելու»:
-«Հրազդան-ցեմենտ» գործարանի պարտքերից առաջացած տույժերը ներելու մասին օրինագիծը նախորդ անգամ չանցավ քվորումի բացակայության պայմաններում, ինչից հետո կառավարությունն այն նորից բերեց ԱԺ` հայտարարելով, որ այն տեխնիկական պատճառով չի անցել: Արդյո՞ք խնդիրը տեխնիկական է, եթե նկատի ունենանք այն ելույթները, որոնք եղան քվեարկությունից առաջ: Մասնավորապես, որ «պեղեք» Բաղդասարովին, թող գա պատասխան տա, ինչո՞ւ եք ներում: Եվ այսօր էլ մեկնաբանվեց, որ անգամ քառօրյա պատերազմից հետո դասեր չառանք:
- Կոնկրետ անձի հետ դա կապված չէ, դա գործարանի հետ կապված հարց ա, իսկ թե ումն է, ինչ է, ոնց է. դա տասներորդական հարց է: Ուզում եմ հիշեցնել, որ Բաղդասարովից այդ գործարանն անցել է բանկին/ՎՏԲ բանկում գրավադրված է Tert.am/, բանակն էլ ասում է` փող դնեմ` 6 միլիոն դոլարի չափ, վերագործարկեմ գործարանը, որի արդյունքում նորից բազմաթիվ աշխատատեղեր կվերաբացվեն: Մինչև 1200 աշխատատեղ ա խոստանում, դրանից բխող հարկեր կտա, եկամտահարկ կտա, ավելացված արժեքի հարկ կտա, ցեմենտի գները հանրապետությունում կէժանան.դա մենակ դրական է։ Թե հիմա ո՞ւմն է, ի՞նչ է, տասներորդական հարց է: Դրա համար ճիշտ էր, որ այդ օրենքն այն ժամանակ անցներ, որ տեխնիկական պատճառներով քվորում չապահովվեց: Պարզ, գործընկերային հարաբերություններ են` պետությունը ներում է տույժերը, կազմակերպությունն էլ ներդրումներ է իրականացնում:
- Բայց նաև նման հարցադրում եղավ, որ եթե մի ինչ–որ փոքր գործարար մեկ շաբաթ հարկ չմուծեր, առաջին պատահած պատի տակ «կգնդակահարեին», իսկ այս դեպքը հիմա ներում են։ Ինչո՞ւ են ներում։ Չէ՞ որ այդ գումարն էլ պետք է մտներ պետական բյուջե: Կանչեք, թող Բաղդասարովը պատասխան տա:
-Բաղդասարովի պատասխան տալն ուրիշ հարթություն է, իրար ենք խառնում մենք անձն ու խնդիրը: Պետական մոտեցում է պետք։
-Հիմա պետական մոտեցում է, որ այդքան գումարը դուրս է գրվում, չէ՞ որ մեզ ամեն կոպեկը պետք է հիմա, որը կարող էր ուղղվել բանակին:
- Բայց հիմա այդ ամեն կոպեկ փողը միևնույն է չկա: Տվողն էլ չկա չէ՞, հիմա որ դուրս չգրենք տույժերը, գործարանը չաշխատեց, ո՞վ է տալու այդ գումարը: Չկա էդ գումարը, պարտքը փակողն էլ չկա, էդ գործարանի աշխատողներն աշխատավարձ չեն ստանում, եկամտահարկ չեն տալիս։
-Ինչո՞ւ պարտքեր տվողը չկա` գործարանի նախկին սեփականատերը թող լիներ, պարտավորություն վերցներ, տար: Ձեր գործընկերները դա՞ են ասում:
-Նորից եմ կրկնում` հիմա կոնկրետ խնդիրը գործարանը վերագործարկելու մասին է, որ կա առաջարկ, որը կա՛մ ընդունում ենք, կա՛մ չենք ընդունում: Պարզ թվաբանությունը հուշում է,որ ճիշտն ընդունելն է, որ էդ գործարանն աշխատի: Պետությունն այդ 500 միլիոն դրամը երկու-երեք ամսվա մեջ եկամտահարկի տեսքով նորից կստան, երբ այդ գործարանն աշխատի: Ավելին` ավելացած արժույթի հարկով էլ կստանա էդ գումարը: Հիմա, որ չի աշխատում էդ գործարանը, ո՞ւմ է դրանից լավ լինելու, ինչ է թե Պողոսին կամ Պետրոսին բերենք պատասխանատվության ենթարկենք։
-Բայց չէ՞ որ դա նախադեպ է ստեղծում, որ հաջորդ Պողոսը նման քայլերի չգնա, պարտքեր ու տույժեր չկուտակի:
-Նույն ընդդիմադիր գործընկերները թող համապատասխան մարմիններից պահանջեն, որ Ձեր ասած անձնավորությունը պատասխանատվության ենթարկվ։ Դա այլ հարց է. մի խառնեք այդ երկու հարցերը: Հիմա, որ բռնեցինք, Բաղդասարովին կախաղան բարձրացրինք, գործարանն աշխատելո՞ւ է. չի աշխատելու:



