«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով հանրապետությունում տեղի ունեցող ավտովթարներին, հավաստիացնում է, որ դրանց զգալի մասը հնարավոր էր կանխել, եթե ճանապարհային երթևեկության ոլորտում ճիշտ ռազմավարություն մշակվեր, և ստեղծվեր այդ երթևեկությունը կանոնակարգող առանձին կառույց. «Պետք է լինի այնպիսի կառույց, որը կվերլուծի, կպարզի, թե ինչն է դարձել վթարի պատճառ, և ընդհանրապես ինչու են այդչափ վթարներ լինում: Որից հետո կմշակի համապատասխան մեխանիզմներ, որպեսզի այդուհետ այդ նույն հանգամանքներով և գործոններով պայմանավորված՝ վթարներ չլինեն»:

Հայաստանում ինչպես ճանապարհային երթևեկության վերահսկողությունը, այնպես էլ այն կանոնակարգելու գործառույթը նույն կառույցն է իրականացնում` ճանապարհային ոստիկանությունը, որը, ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, պարզապես իր ներուժով և հնարավորությամբ ի զորու չէ բազմակողմանի աշխատանք իրականացնել երկու տարբեր ուղղություններով: Այդ պատճառով էլ ճանապարհային երթևեկության կազմակերպումը կաղում է:

«Որոշ փողոցներում, որոնք գտնվում են կա՛մ Երևանի ծայրամասային թաղամասերում, կամ էլ երկրի այլ շրջաններում, երթևեկության նշանները բացակայում են, լավագույն դեպքում թերի են: Իսկ ի՞նչ կանոնակարգված երթևեկության մասին կարելի է խոսել, երբ վարորդը չգիտի, թե ինչպես պետք է իրեն պահի տվյալ ճանապարհի վրա` ռիսկային իրավիճակներում հայտնվելուց խուսափելու համար: Հաճախ այդ նշանների բացակայության պատճառով վարորդները խախտումներ են թույլ տալիս, ինչն էլ անխուսափելի վթարների է հանգեցնում»:

Ի դեպ, ճանապարհային նշանների բացակայության և ընդհանրապես ճանապարհային ոստիկանության անփույթ աշխատանքի պատճառով տեղի ունեցած պատահարների համար մինչև վերջերս պատասխանատվություն կրում էին վարորդներ: Բայց Էդուարդ Հովհաննիսյանի հավաստիացմամբ` մեզանում արդեն կիրառելի է այն պրակտիկան, որ երթևեկության նշանների կամ այլ նման պատճառներով առաջացած վթարների համար պատասխանատվության են ենթարկվում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել