Tert.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում է լինել ավելի հանդուրժող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության վերաբերյալ, ով ասել էր, թե Հայաստանի նման քոսոտ երկրին չեն թողնի արտադրել զենք:
«Ես խնդրում եմ՝ լինենք մի քիչ ավելի հանդուրժող, քանի որ մենք հիմա բոլորս ապրում ենք մի քիչ նյարդային պահեր, ապրիլյան պատերազմից հետո մի փոքր ավելի զգացմունքային ենք , բերեք ներողամիտ ու ավելի հանդուրժող լինենք, որովհետև որևէ մեկս ապահովագրված չենք նմանատիպ էմոցիոնալ արտահայտություններից: Այն, որ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջ կյանքը ներդրել է գիտության զարգացման համար, պետք է հարգել, և թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ կարող ենք սխալներ անել և այսօր պետք չէ դատափետել»,-ասաց նա:
Շարմազանովը ժպիտով հավելեց, թե հիմա էլ չասենք, թե Շարմազանովը բոլորի փոխարեն սկսել է ներողություն խնդրել: «Բայց ես չեմ կարծում, որ բոլորս փայտը պիտի վերցնենք ու հարգարժան ակադեմիկոսի հետևից ընկնեք: Պետք է մի քիչ հանդուրժող լինենք, ես Ռադիկ Մարտիրոսյանին էությամբ ճանաչում եմ, նա իմ ավագ ընկեր է և շատ մեծ գործ է արել հայկական պետականության կայացման ու գիտության զարգացման համար: Ես էլ եմ հանդուրժող լինելու ալամ աշխարհի նկատմամբ»,- ասաց նա:
Շարմազանովը պնդեց՝ ՀՀ-ն զենք արտադրելու հնարավորությունից զրկված չէ:
Լրագրողների հետ զրույցում Շարմազանովն անդրադարձավ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի հայտարարությանը, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, հետևաբար որևէ բան պահանջելու իրավունք չունի: Ըստ նրա՝ չէր ցանկանա ՌԴ-ի կամ էլ այս կամ այն դեսպանատան առաջին քարտուղարների մտքերը մեկնաբանել:
«Ես միայն ասում եմ ՝ Հայաստան ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, յուրաքանչյուրը պետք է շարունակի իր պետական շահերից ելնելով զարգացնել երկկողմ փոխգործակցությունը և դաշնային համագործակցությունները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է զենքին, ապա նշեց, թե զենքի վերաբերյալ ավելի ամբողջական խոսք, քան նախագահինն է՝ չի եղել և կրկնողության կարիք չկա: «Ռուսաստան է եղել այն երկիրը, որը շատ լուրջ չափաբաժնով, լավ պայմաններով Հայաստանի զենք ու զինամթերք ու սպառազինություն է տրամադրել»:



