Araratnews.am-ը գրում է.
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը մայիսի 9-ին նամակ է ստացել Անկարայում ԱՄՆ դեսպանատնից՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հարձակումների վերաբերյալ հրապարակային դատապարտումներով հանդես գալու եւ նրա անվտանգության մասին ԱՄՆ անունից պաշտոնական մտահոգություն արտահայտելու՝ հանձնախմբի նախաձեռնած հասարակական կոչին ի պատասխան:
«Մենք տեղյակ ենք, որ պարոն Փայլանը տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող այն պատգամավորներից մեկն է եղել, որոնք տուժել են վերջերս քաղաքական վիճահարույց հարցի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում սկսված ծեծկռտուքի հետեւանքով»,- գրել է դեսպանատունը:
«Չնայած «Հայ դատի» հանձնախումբը գոհունակությամբ արձանագրում է, որ այս նամակը վկայում է այն մասին, որ Կարո Փայլանը փաստորեն ԱՄՆ կառավարության տեսադաշտում է, բայցեւայնպես մենք կարծում ենք, որ այդ պատասխանը շատ հեռու է Կարո Փայլանի նկատմամբ հարձակումների դատապարտումից:
Մեր ընկալմամբ այս նամակն ընդամենը փաստում է ԱՄՆ հանձնառությունը խոսքի եւ տեսակետների արտահայտության ազատության պաշտպանության հարցում եւ տեղեկացնում, որ ԱՄՆ –ն տեղեկացված է փոքրամասնությունների դեմ Թուրքիայի խտրականությունների մասին: Իհարկե սա ողջունելի է: Բայց նրանք չեն նշել, որ ԱՄՆ-ն դատապարտում է Կարո Փայլանի դեմ հարձակումներն ու սպառնալիքները, եւ ոչ էլ մտահոգություն են հայտնել նրա անվտանգության վերաբերյալ»,- ասված է «Հայ դատի» հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:



